Մատչելիության հղումներ

Հայաստանի անվտանգային խնդիրներում Սփյուռքի ներգրավվածության մակարդակը բավարար չէ. Պապիկյան


Արխիվ
Արխիվ

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և սպառնալիքները պահանջում են ողջ հանրության ջանքերի և կարողությունների կենտրոնացում, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում իրականացվել է պատերազմից քաղված դասերի վերլուծություն, որի հիման վրա մեկնարկել է ԶՈւ-ի համակողմանի բարեփոխման գործընթաց, զինված ուժերի պատրաստությանը, գործունեությանն ու ապահովմանն առչնվող ոլորտները ենթարկվում են արմատական փոփոխությունների, որոնք ուղղված են բանակը վերափոխելու, արհեստավարժ, մոտիվացված, արագաշարժ և ժամանակակից սպառազինությամբ և պատերազմական ճկուն գործիքակազմով բանակի», - նշեց նախարարը:

Նա հավելեց, որ հիմքեր են ստեղծվել պարտադիր ծառայության համակարգից դեպի արհեստավարժ բանակ անցում կատարելու համար: Առաջիկայում օրենսդրական այդ նախաձեռնությունները կներկայացվեն խորհրդարան, և ըստ ռազմական գերատեսչության ղեկավարի՝ հավանություն ստանալու դեպքում հունվարի 1-ից կմտնեն գործողության մեջ:

Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ բոլոր բարեփոխումների իրականացման գործում ԶՈւ-ին շոշափելի աջակցություն կարող է ցուցաբերել հայկական Սփյուռքը, միաժամանակ նկատեց՝ Հայաստանի անվտանգային խնդիրներում Սփյուռքի ներգրավվածության մակարդակը բավարար չէ:

«Պատերազմը և դրան հաջորդող ժամանակահատվածը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար սեփական ռազմական արդյունաբերություն ունենալը հրամայական է: Ժամանակն է, որ միավորենք մեր ջանքերը ողջ հայության ռեսուրսներն ու կարողությունները հայրենիքի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով», - ասաց նախարար Պապիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG