Հայաստանը դարձել է ԵԱՏՄ դոնոր երկիր, ավելի շատ վճարում է ընդհանուր կաթսային, քան ստանում. Վահան Քերոբյան

Հայաստանը դարձել է ԵԱՏՄ դոնոր երկիր, ավելի շատ վճարում է ընդհանուր կաթսային, քան ստանում, այսօր խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ պետք է քայլեր ձեռնարկեն այս պատկերը փոխելու համար։

«Հայաստանն անցած տարվա կեսերից ըստ էության ԵԱՏՄ բյուջե ստացած և վճարած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում», - նշեց Քերոբյանը:

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է 2015-ի հունվարի 1-ից, ըստ պայմանագրի՝ ստանում է միության մաքսային ընդհանուր կաթսայի մուտքերի մոտ 1.2 տոկոսը։ Անցյալ տարվա օգոստոսից, սակայն, պարզվում է, Հայաստանն ընդհանուր կաթսային ավելի շատ վճարում է, քան ստանում։

«ԵԱՏՄ կառավարական նիստի ընթացքում մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի երևի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը, որովհետև ըստ էության մենք լինելով ավելի փոքր երկիր հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր արդեն և կարիք կա, որպեսզի մի քիչ ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնանք», - ասաց նախարարը:

Թե երբ և ինչպես ԵԱՏՄ-ն կվերանայի այս պատկերը, հայտնի չէ, սակայն փորձագետներն ասում են, որ հաշվի առնելով, ԵԱՏՄ-ի ոչ ճկուն աշխատելաոճը, հավանաբար Հայաստանը դեռ երկար կսպասի մաքսային կաթսայից ավելի արդար մասնաբաժնի։

«Նախ ԵԱՏՄ-ում ցանկացած որոշման կայացում, առավել ևս որոշման, որը այլ երկրների շահերից այդքան էլ չի բխում, շատ դժվար է լինում», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

«Սահմանափակված ենք այն պայմանագրով, որը Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ մտնելիս, բայց ես արդեն նշեցի, որ մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի նոր խոսակցություն բացվի, նոր քննարկման ցիկլ բացվի», - ընդգծեց Քերոբյանը:

Ըստ մասնագետների՝ ԵԱՏՄ-ից Հայասանի քաղած տնտեսական օգուտները ակնհայտ չեն

ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական առավելությունների կամ բացասական ազդեցության մասին քննարկումները միայն մաքսատուրքերի՝ անարդար բաշխման թեմայով չեն ավարտվում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունում արդեն մի քանի տարի է ուշադիր հետևում են ԵԱՏՄ-ի պահանջներով տեղի ունեցած մաքսատուրքերի փոփոխությանը, տասնյակ ապրանքների դեպքում մաքսատուրքերը Մոսկվայի առաջնորդած միությանն անդամակցելու պատճառով բարձրացել են նախկինի համեմատ՝ ավտոմեքենաներից միմչև պարարտանյութեր։

«Ներմուծված խոզի և հավի մսի մաքսատուրքերը շատ բարձր են, մինչև 80 տոկոս հասնում են, բուսական յուղեր, կարագ, շաքարավազ: Շաքարավազը կիլոգրամը հարյուր քանի դրամով ավելի թանկ է միայն այն հաշվին, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և այդ 130 դրամի մեծ մասը, ինչպես Վահան Քերոբյանն է ասում՝ գնում է այլ պետությունների բյուջեներ», - ընդգծեց Իոաննիսյանը:

ԵԱՏՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել հատկապես այն ապրանքների պարագայում, որոնք արտադրվում են միության ներսում, օրինակ, գյուղատնտեսական տեխնիկա, բայց Դանիել Իոաննիսյանը նկատում է, որ մարդիկ շարունակում են նախապատվությունը տալ ոչ թե օրինակ՝ բելառուսական, այլ եվրոպական արտադրանքին՝ վճարելով ավելի շատ. «Նույնը բեռնատարները, ԵԱՏՄ արտադրության բեռնատարներ ես տեսե՞լ, առավել ևս գյուղատնտեսությունում օգտագործվող, չէ»:

Ըստ մասնագետների՝ ԵԱՏՄ-ից Հայասանի քաղած տնտեսական օգուտները ակնհայտ չեն և պետք է երկար մտածել դրանք առհասարակ հայտնաբերելու համար, այնուամենայնիվ, վերջին տարիներին աճել է Հայաստանի առևտրաշրջանառությունը միության երկրների հետ, օրինակ՝ այս տարվա առաջին 8 ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2021-ի համեմատ աճել է ավելի քան 74 տոկոսով, ընդ որում՝ ավելի մեծ է հատկապես արտահանման աճի տեմպը՝ 2 անգամ։

«2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,778 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճել է բավականին նշանակալից՝ 74,1 տոկոսով», - ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը:

Հայաստանի գործող կառավարությունը 2018-ին իշխանության գալուց հետո երբևէ չի քննարկել Մոսկվայի առաջնորդած միությունը լքելու հարցը, թեև 2017 թվականին «Ելք» դաշինքը, որին անդամակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանգիրը», ԵԱՏՄ-ն լքելու օրինագիծ էր ներկայացրել ԱԺ-ում՝ տասնյակ կետերով հիմնավորելով, որ Հայաստանի համար տնտեսապես ձեռնտու չէ մնալ այդ միության կազմում։