Ռուսաստանի դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն այսօր հայտարարել է, թե ուկրաինական բռնակցված տարածքները Ռուսաստանի կազմ մտցնելու հետ կապված բոլոր օրենսդրական միջոցառումներն արդեն ավարտվել են:
«Մենք ընդունել ենք Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ օրենքներ, և այժմ Դոնեցկի, Լուգանսկի հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի Դաշնության լիիրավ սուբյեկտներ են: Մենք այժմ ունենք 89 տարածաշրջան», - ասել է նա:
Զուգահեռ, անցած 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը ռմբակոծվել են Ուկրաինայի ավելի քան 25 բնակավայրեր։ Դրանց թվում են Կրամատորսկը, Նիկոլաևը, Պոլտավան, Նիկոլսկոյեն, Զապորոժիեի և Դոնեցկի շրջանները: Շարունակվում է նաև կենսական ենթակառուցվածքների ռմբակոծությունը՝ ձմռան շեմին ուկրաինացիներին զրկելով ջերմությունից, ջրից և լույսից։ Երկրում ամենուրեք հովհարային անջատումներ են։
Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 40%-ը ոչնչացվել է ռուսական հարվածների հետևանքով։
«Մենք ամեն ինչ անելու ենք այս ձմռանը մարդկանց էլեկտրաէներգիան և ջերմությունն ապահովելու համար: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանն էլ ամեն ինչ կանի ուկրաինացիների բնականոն կյանքը քանդելու համար», - ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վերադարձավ «հացահատիկի միջանցքի» գործարքինԻր երեկոյան ելույթում նա հավելել է՝ Ռուսաստանի խաղադրույքը ձմռանը պարզ է բոլորին, և դա «մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար»։ Արևմուտքը բազմիցս հայտարարել է՝ չնայած բոլոր դժվարություններին՝ շարունակելու է աջակցությունը Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
Պատերազմի սկզբից Արևմուտքն արդեն ավելի քան 40 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Կիևը, սակայն, ավելին է ակնկալում․ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցայի խոսքով՝ արևմտյան օգնությունը 14%-ով պակաս է Ռուսաստանի ռազմական բյուջեից։ Նախագահ Զելենսկին էլ երեկ իր ուղերձում ասել է, թե ռուսական կողմը հաշվի չի նստում ծախսերի հետ և պատրաստ է էլ ավելի ծախսել ուկրաինացիների կյանքը դժոխքի վերածելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները հարկադիր տարհանելու են Կախովսկի շրջանի բնակիչներինՄինչ այդ ամերիկյան կողմը հաղորդում է, թե Մոսկվան էլ ավելի է մեծացնում ռազմական հզորությունները Իրանի օգնությամբ։ Ընդ որում, խոսքը միայն անօդաչու սարքերի մասին չէ, որոնց մատակարարումը Ռուսաստանին պաշտոնական Թեհրանը ժխտում է։ Վաշիգտոնը մտավախություն ունի, որ ուկրաինական պատերազմում օգտագործելու նպատակով Ռուսաստանը կարող է Իրանից ձեռք բերել նաև սովորական սպառազինություն, օրինակ՝ «երկիր-երկիր» հրթիռները, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կշարունակենք խստորեն կիրառել ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները թե՛ ռուսական, թե՛ իրանական զենքի առևտրի դեմ», - հավելել է նա:
Այդ թվում նաև իրանական անօդաչուների ակտիվ կիրառման շնորհիվ ռուսական կողմը շարունակում է հարձակման փորձերը Դոնեցկում և ամրապնդում է իր դիրքերը Խերսոնի մարզում, որտեղ ուկրաինական հակահարձակումը ձմռան շեմին դանդաղել է: Պատերազմը շարունակելու համար ռուսական կողմը նաև նոր զինվորներ է ուղարկում ուկրաինական ճակատ։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 300 հազար մոբիլիզացվածներից 87 հազար մարդ արդեն ուղարկվել է ռազմադաշտ։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր, ի դեպ, կրկին խոսել է «կեղտոտ» ռումբ ստեղծելու Ուկրաինայի մտադրության մասին. «Մենք տեղյակ ենք Կիևի՝ «կեղտոտ» միջուկային ռումբ ստեղծելու փորձերի, ինչպես նաև իր տարածքում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայելու նրա պատրաստակամության մասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածել Ուկրաինայի տարածքին«Կեղտոտ ռումբ» ստեղծելու մասին ռուսական կողմի մեղադրանքներից հետո պաշտոնական Կիևի հրավերով Ուկրաինայում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները։ Երեկվանից միջազգային տեսուչները արդեն սկսել են աշխատանքը և իրենց եզրակացությունները կհրապարակեն շաբաթվա վերջում։
Մինչ այդ The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, հայտնում է, թե վերջերս հենց ռուս բարձրաստիճան զինվորականներն են քննարկել Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականը շեշտում է, թե Պուտինը այս քննարկմանը չի մասնակցել, իսկ նա միակն է, ով կարող է միջուկային զենք օգտագործելու մասին որոշում կայացնել։ Այդուամենայնիվ, փաստը, որ նման քննարկում տեղի է ունեցել, մտահոգում է Սպիտակ տանը. ԱՄՆ վարչակազմը կարծում է, թե նման քննարկումը ռազմադաշտում ռուսական ուժերի անհաջողությունների հետևանքն է։
Washington Post-ը, միևնույն ժամանակ հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե Բայդենի վարչակազմում կարծում են, որ միջուկային զենքի կիրառման ռիսկը կմեծանա, երբ Մոսկվան սպառի իր ուժերն ու սովորական սպառազինությունը: