Կենտրոնական բանկից հայտարարում են՝ գնաճը կշարունակվի

CARREFOUR-RESULTS/

Աննախադեպ թանկացումների, արժևորված դրամի ու դոլարի շարունակական անկման այս շրջանում, երբ կառավարությունը խոսում է տնտեսական բարձ ցուցանիշների մասին, գների կայունության պատասխանատու կառույցը հայտարարում է՝ գնաճը կանգ չի առնելու։

«Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայում տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը», - ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո դեպի ՀՀ ռուսաստանցիների ու նրանց ֆինանսական միջոցների մեծ ներհոսքը Հայաստանի տնտեսական տարվա գլխավոր իրադարձությունն էր, որը մի կողմից նպաստեց տնտեսական բարձր աճին, մյուս կողմից թանկացումների հիմնական պատճառներից դարձավ։ Կտրուկ ավելացան ծառայությունների, անշարժ գույքի գները։

Գնաճը վերահսկող Կենտրոնական բանկն արձագանքելով սեպտեմբերին Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո սկսված ներհոսքի նոր ալիքին, որոշել է ևս 0.5 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 10.5 տոկոս:

«Սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանում եղան մի շարք որոշումներ, որոնք պայմանավորված են ռուս-ուկրաինական կոնֆլիկտով, դրա արդյունքում մենք նկատում ենք, որ արտարժույթային ներհոսքը Հայաստան ևս մեկ անգամ էապես ավելացել է, ուստի մենք դա ևս անարձագանք չէինք կարող թողնել, որոնհետև ինքն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա», - ընդգծեց Գալստյանը:

Ռուսաստանից ժամանած քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում, 21-ը սեպտեմբերի, 2022թ․

Գլխավոր դրամատունը շարունակում է դեռ երկու տարի առաջ սկսված թանկ դրամի այս քաղաքականությունը։ 2020-ի դեկտեմբերից Կենտրոնական բանկը թանկացումները զսպելու նպատակով պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Թանկ դրամը, շուրջ 25 տոկոսով էժանացած դոլարը տրամաբանորեն պետք է գների անկմանը նպաստեին, եթե արտահանողները տուժում են էժան դոլարից, ապա Հայաստան ապրանք ներկրողներն ընդհակառակը, դրանց համար ավելի քիչ են վճարում։ Քաղաքացիները, սակայն, միայն թանկացումներ են նկատում։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն «Ազատության» հարցին ի պատասխան շեշտում է՝ հաշվի առնելով դրամի այսչափ արժևորումն, ակնկալում են, որ տնտեսվարողները նվազեցնելու են գները:

«Հիմնական գործոնը, որը կարող է որոշակիորեն այդ պրոցեսը դանդաղեցնել կամ խոչընդոտել, էս ահռելի պահանջարկն է, որը ստեղծված է միջազգային այցելուների կողմից: Որ նայում եք, երևի զգում եք՝ տնտեսություն ինչ իրավիճակ է. գերտաքացած իրավիճակ է, խանութներում հերթեր են, ապրանքների ու ծառայությունների գներ են աճում, որ Հայաստանում ես չեմ հիշում վերջին անգամ երբ էին թանկացել: Մեր գործողություններն էլ հենց միտված են, ուղղված են այդ պահանջարկը որոշակիորեն զսպելուն ու այդ գերտաքացումը որոշակիորեն զսպելուն», - ասաց նա:

Ընդհանուր գնաճը վերջին տվյալներով 9.9 տոկոս է, սակայն սննդամթերքը թանկացել է շուրջ 14 տոկոսով։ Կառավարության անդամներն ու Կենտրոնական բանկը անցնող ամիսների ընթացքում պատասխանելով հարցերին, թե ինչո՞ւ քաղաքացիները որևէ դրական ազդեցություն չեն նկատում, պնդում են՝ եթե դրամն այսչափ արժևորված չլիներ, շատ ավելի բարձր գնաճ կարձանագրվեր, անգամ որոշակի հաշվարկներ ունեն՝ ընդհանուր թանկացումները կգերազանցեին 15 տոկոսը։

Ֆինանսական խնդիրների մասին են ահազանգում այլ երկրների հետ աշխատող կազմակերպությունները

Նահանջելու միտումներ ցույց չտվող համատարած թանկացումներին զուգահեռ լուրջ ֆինանսական խնդիրների մասին են ահազանգում այլ երկրների հետ աշխատող կազմակերպությունները՝ արտահանողները, IT ոլորտի ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր դոլարով, եվրոյով են եկամուտ ստանում։ Դրսից ստացած միջոցներն այստեղ դրամի փոխանակելիս ավելի փոքր գումար են ստանում։

Գործադիրը հավաստիացնում է՝ դրամի արժևորումից տուժած ընկերություններին աջակցելու մեխանիզմներ են մշակում, սակայն կոնկրետ ծրագրերի մասին դեռևս չեն իրականացվել։ Կենտրոնական բանկից նույնպես հայտարարում են՝ աշխատում են այս ուղղությամբ. քննարկումներ են իրականացնում հնարավոր բանկային գործիքների շուրջ:

«Հույս ունեմ, որ այդ գործիքները որոշակիորեն կօգնեն բիզնեսներին կառավարելու իրենց ռիսկերը», - ընդգծեց Մարտին Գալստյանը:

Թե մինչև երբ դոլարը կշարունակի իր վայրէջքը, մասնագետները դժվարանում են կանխատեսել, ասում են՝ կախված է, թե ռուսաստանցիները դեռ որքան ժամանակ կմնան այստեղ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում հաստատվել է ավելի քան 40 հազար Ռուսաստանի քաղաքացի։ Սեպտեմբերյան մոբիլիզացիայից հետո եկածների թիվն առայժմ չի հրապարակվել։