Լուկաշենկոն արդարացրել է Ալիևին պատերազմի համար, հայտարարել, թե «նրան անկյուն էին մղել»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպմանը երկար խոսել է հայ-ադրբեջանական հակամարտությունից՝ ասելով, թե այդ հակամարտությունը պետք է ավարտել:

Միջնորդի դերում նա տեսնում է միայն Ռուսաստանին։

«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր են, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Հասկանալի է չէ՞ ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջորդ կա», - հայտարարել է նա։

Լուկաշեկոն դեմ է նաև ՀԱՊԿ-ի մասնակցությանը, նրա խոսքերով. «Ասես ուրիշ զբաղվելու բան չկա»։

Հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածներում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, Եվրամիության քաղաքացիական դիտորդները Հայաստանի տարածքում հետևում են իրավիճակին, ԵԱՀԿ-ից ևս առաքելություն ուղարկելու հարց կա, իսկ ՀԱՊԿ-ը գործնական որևէ քայլի չի դիմել կազմակերպության անդամ Հայաստանին պաշտպանելու օգնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

Լուկաշենոկն փաստորեն արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի խնդիրը պատերազմով լուծելու համար։ Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին «անկյուն էին մղել, ուժային ճանապարհից բացի չթողնելով ուրիշ լուծում»։

Նա պատմել է, որ ժամանակին, երբ Բելառուսը հերթական անգամ նախագահում էր ՀԱԿՊ-ը, ինքը զբաղվել է այդ հարցով, խոսել է Իլհամ Ալիևի հետ։

«Խոսքը գնում էր հինգուկես կամ վեց շրջանի մասին։ Հայերը ընդունում էին, որ դա դա իրենց հողերը չեն, ադրբեջանական են։ Բացի Ղարաբաղից։ Դե ուրեմն վերադարձու։ Եվ եթե այն ժամանակ, երբ ես առաջարկեցի դա անել, վերադարձնեին այդ շրջանները, պատերազմ չէր լինի։ Իլհամը մոտիվացիա չէր ունենա սկսելու այդ պատերազմը։ Դե դու խնդրում էիր շրջանները՝ տվեցին։ Կմնար Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դե կլուծեինք հանգիստ ռեժիմով։ Բայց այն ժամանակ չհամաձայնեց ոչ Սերժ Սարգսյանաը, ոչ էլ հետո Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Լուկաշենկոն։

Եթե հակամարտությունը կարգավորվեր, Ալիևը ներդումներ կաներ Հայաստանում, հայտարարել է Լուկաշենկոն:

«Ես Իլհամին այն ժամանակ հարցրեցի՝ լսի'ր, դե համաձայնվեք, պետք է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի՝ դուք հաշտվել եք։ Որքա՞ն ներդրում կարող ես անել Հայաստանում։ Ասաց՝ նվազագույնը հինգ միլիարդ։ Բայց գլխավորը՝ կկառուցվեին խողովակաշարեր։ Դրանք շրջանցեցին Հայաստանը։ Իսկ Իլհամն առաջարկում էր՝ Հայաստանով անցնեն այդ գազատարները, նավթատարները։ Ասում էր՝ ինչո՞ւ Վրաստանով, Հայաստանով կանցնեն։ Դա մեզ շահավետ է։ Շահավետ էր, և ի՞նչ՝ Ադրբեջանի նախագահին անկյուն էին դրել։ Այլևս հնարավոր չէր ձգձգել։ Միլիոնից ավելի փախստականները լարվածություն էին ստեղծել», - շեշտել է Բելառուսի ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Անցած շրջանի իր գնահատականներից վերադառնալով այսօրվա իրավիճակին՝ Լուկաշենկոն ասել է, թե հիմա պետք է վերջնականապես հաշտվեն՝ եթե պայմանավորվել են հաշտվել, պետք է հաշտվեն։

«Ինչ-որ տեղ սարերում բաժանում են այդ սահմանը։ Լսեք ի՞նչ սարեր։ Դե պայմանավորվեք։ Նախիջևանը որ ազատ մուտք ունենա։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված այսօր դա լուծվել է։ Ռուսաստանը այնտեղ ապահովում է այդ պրոցեսը։ Ինչո՞ւ հիմա իրար սպանել։ Գրեթե 300 մարդ է սպանվել, և դեռ ինչ-որ բան են քննարկում։ Պետք է հանդարտվել և պայմանավորվել»,- ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը, որը նույնպես Բելառուսից է։

ՀԱՊԿ-ի մասին Լուկաշենկոն ասել է, որ անհրաժեշտ է ակտիվանալ, մեկընդմիշտ խփել ցիցը, երկաթ-բետոնի սյունը, ուրի շուրջ «մենք բոլորս պետք է պտտվենք և աշխարհին ցույց տանք, որ կա այդպիսի ռազմաքաղական կազմակերպություն»։

Ստանիսլավ Զասը այդ հանդիպմանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի երևանյան նիստին նախապատրաստվելու աշխատանքները։ ՀԱՊԿ-ի խորհրդի նիստը, անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Երևանում անցկացվելու է նոյեմբերի 23-ին։