Վարչապետն ընդունել է Գարո Փայլանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին, Երևան, 29-ը հոկտեմբերի, 2022թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Գարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:

Գարո Փայլանին այսօր ընդունել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Գարո Փայլանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնի կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը: