Վարչապետ. Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ստացել են նոր դինամիկա

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն են նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրբաթ օրը ընդունելով Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Անն-Լորանս Պետելի գլխավորությամբ:

«Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին իրավիճակներում մշտապես գտնվում է Հայաստանի կողքին», - վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ, նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը շահարգրգիռ է երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացմամբ բոլոր ոլորտներում:

Անն-Լորանս Պետելը որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ վստահեցրել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման քայլերը, արդեն իսկ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելության գործունեությունը: Վարչապետը շեշտել է Ֆրանսիայի կարևորագույն դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու