Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում գտնվող Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Կլաարը նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Եվրամիության դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի փակ նիստում համաձայնել էին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից, չի հստակեցվել։
ԵՄ տեղնիկական խումբը հոկտեմբերի 13-ից Հայաստանում էր՝ հստակեցնելու սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վայրերը: Երեկ Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը տեղեկացրեց, որ Եվրամիության դիտորդներն արդեն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն ԵՄ դիտորդներ տեղակայելու համար դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ․ Կլաար