Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ արգելվել է նաև Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան

Russia Today հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ արգելվել է նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող Russia Today հեռուստաալիքի ղեկավար, հայկական արմատներ ունեցող Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։

Տեղեկությունը ինքը՝ Russia Today-ի ղեկավարն էր հրապարակել՝ անդրադառնալով Հայաստան Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքին, որոշումը վերագրելով՝ Հայաստանի գործող ղեկավարին։ Ալեն Սիմոնյանը, սակայն, առանձին չի անդրադարձել Զատուլինի դեպքին, որի մասին ռուս պատգամավորը հենց Հայաստանի ԱԺ-ից ստացած նամակից էր իմացել ու, ինչպես գրել էր, անակնկալի եկել։

Եթե Զատուլինի պարագայում պատճառաբանություն կա, ապա Մարգարիտա Սիմոնյանի դեպքում բացատրություն ոչ լրագրողը, ոչ էլ Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում։

Ալեն Սիմոնյան

«Ես նման ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և տարբեր մարդիկ, ովքեր անհարգալից վերաբերմունք կդրսևորեն Հայաստանի Հանրապետության անկախության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների նկատմամբ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայություններ կանեն», - ընդգծեց Սիմոնյանը:

Հայաստանի տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկը վարում է ԱԱԾ-ն։ Կառույցից չհաստատեցին, բայցև չհերքեցին, որ Մարգարիտա Սիմոնյանի ու Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է։ Բայց արդյոք նրանք նաև համարվե՞լ են անցանկալի անձինք, ԱԱԾ-ից հրաժարվեցին ասել՝ պատճառաբանելով, որ տեղեկությունը պարունակում է անձնական տվյալ։

ՌԴ Արտգործնախարարությունը պատրաստում է նոտա՝ դեպքի հետ կապված. Զատուլին

Չնայած ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկություն չի տալիս, բայց վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը երեկ գրել էր՝ «Հայաստանում Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ»։ Ռուսաստանցի պատգամավորը դրանից հետո հրապարակեց Հայաստանի ԱԺ-ի արտաքին կապերի վարչության պետի նամակը։ Վերջինը, ԱԺ ղեկավարության հանձնարարությամբ, տեղեկացրել էր՝ հետագայում Զատուլինի այցելությունը Հայաստան ցանկալի չէ։ Պատճառը, ըստ ԱԺ-ի, Հայաստանի հասցեին նրա վերջին շրջանի հրապարակային հայտարարություններն են, որոնք վնասում են հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Թե հատկապես ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը, չէին մանրամասնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԺ-ից հաստատում են՝ Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի

«Հայկական ժամանակ»-ը, մինչդեռ, հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հասցեին Կոնստանտին Զատուլինի քննադատական հայտարարությունները, և որ նա «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում մեղադրել էր վարչապետին Հայաստանի ինքնիշխան տարածքով «միջանցք տալու համար»։ Իշխող «Եդինայա Ռոսիա»-ի 64-ամյա անդամը նախկինում արտահայտած պրոհայկական դիրքորոշումների համար Ադրբեջանի սև ցուցակում է:

Զատուլինը Երևանում պետք է մասնակցեր հայ և ռուս հասարակական-քաղաքական գործիչների քննարկումների հարթակ համարվող «Լազարևյան ակումբի» նիստին։ «Առավոտ»-ին տված հարցազրույցում Կոնստանտին Զատուլինն ասել է, որ ակումբի ողջ պատվիրակության այցն է Երևան չեղարկվել, առցանց կանցկացվի։ Ռուս պատգամավորը իրեն Հայաստանում տեսնել չցանկանալու որոշումը համարում է Երևանի որդեգրած քաղաքական կուրսի շարունակությունը՝ Արևմուտքի հետ ջերմացում, Ռուսաստանի հետ հարաբերություններն ապամոնտաժելու միջոցով: Նույն հարցազրույցում ասել է՝ ռուս դիվանագետները նույնպես զբաղվում են խնդրով:

«Ես շփվել եմ ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարների հետ և ինձ հայտնեցին, որ Արտգործնախարարությունը պատրաստում է նոտա՝ դեպքի հետ կապված, որը նպատակ ունի պարզել Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը այս իրավիճակի կապակցությամբ, քանի որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ կատարվածը: Մեզ համար տարօրինակ է ընտրված մեթոդը», - նշել է նա:

Արտգործնախարարությունից չհաջողվեց պարզել, արդյոք Մոսկվայից նոտա ստացե՞լ են։

Տարածած հայտարարությամբ ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր դատապարտել Զատուլինին վերաբերող որոշումը՝ որակելով հերթական հակահայկական քայլը։ Արդյոք նաև ռուս գործիչների մուտքի արգելքով հայ-ռուսական հարաբերությունները չե՞ն լարվում։ ԱԺ-ի խոսնակը հարցին ի պատասխան ասել է՝ Հայաստանը չի փչացնում հարաբերությունները, այլ՝ արդարություն է ուզում՝ նաև ակնարկելով Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ի անգործությունը։

«Այն պարտավորությունները, որոնք գործընկեր պետությունները վերցրել են, պետք է ի կատար ածվեն, դա է մեր հիմնական նպատակը: Թե ինչ-որ մեկը կնեղանա, թե ինչ-որ մի պրոպագանդայի, բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա, շատ երրորդական, չորրորդական հարց է», - ասաց Սիմոնյանը:

Երևանում ծրագրված «Լազարևյան ակումբի» նիստին, ինչպես փոխանցեցին ԱԺ-ից, հրավիրված է եղել նաև խոսնակ Ալեն Սիմոնյանը, բայց մերժել է՝ Սամարղանդում ԱՊՀ միջխորհրդարանական նիստին մասնակցելու պատճառաբանությամբ։