Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի հրավերը. Փրայս

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն, թե օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի հրավերը տևական խաղաղության հասնելու ջանքերի համար։

Լրագրողը Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսից հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Մոսկվայի հայտարարությունները՝ Վաշինգտոնը մտահոգություն ունի՞, որ Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումը ամրապնդելու փոխարեն կարող է խաթարել Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս պնդել էր, թե Վաշինգտոնի ու Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումներն են, այլ ինքնագովազդն ու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը։

«Նախ, անկասկած, մենք վիճարկում ենք մեր ջանքերը որպես ինքնագովազդ բնութագրելը։ Ոչ մի ինքնագովազդի բան չկա, որ մենք փորձում ենք վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանն ու տարիների բռնկումներին, որոնք հանգեցրել են բռնությունների և ի վերջո մահվան՝ երկու կողմում էլ՝ հայերի ու Ադրբեջանի քաղաքացիների շրջանում», - ասել է Փրայսը:

Ուկրաինա ներխուժած Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև պնդել էր՝ Արևմուտքը Հարավային Կովկաս է փորձում տեղափոխել Ուկրաինայի վրա փորձարկված առճակատման մեխանիզմները։

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կողմի միակ նպատակը Երևանին ու Բաքվին օգնելն է համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու, կյանքեր փրկելու համար:

«Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց: Մենք կարծում ենք՝ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հյուրընկալեց իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, երբ նրանք առաջին անգամ նույն սենյակում էին վերջին բռնություններից հետո: Ի վերջո, որոշումը Հայաստանինն ու Ադրբեջանինն է՝ արդյոք նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի նրանց՝ հետամուտ լինելու տևական խաղաղությանը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյան. «Ադրբեջանի զինուժը պետք է հեռանա Հայաստանի տարածքից»

Պուտինն այս առաջարկը Փաշինյանին ու Ալիևին մոտ երկու շաբաթ առաջ էր արել՝ Արևմուտքի միջնորդությամբ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Չեխիայի մայրաքաղաքում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունների արդյունքով կողմերը քառակողմ հայտարարություն էին ընդունել, որով համաձայնել էին ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա


Փրայսը շեշտել է, թե Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա։ Բերելով Ուկրաինայի ու Վրաստանի օրինակները՝ Պետդեպարտամենտի խոսնակը պնդել է, որ Կրեմլը հարգանք չունի հարևան երկրների ինքնիշխանության նկատմամբ։

«2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի», - նշել է Նեդ Փրայսը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի որոշումն է՝ այդ հարցը Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին կվստահեն։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ «նախատեսվում է քննարկել եռակողմ ու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը»: Մարիա Զախարովան մեղադրել էր Արևմուտքին «հայ-ռուսական դարավոր կապերին վնասելու համար տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկող քայլեր ձեռնարկելու» մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ. «Մեզ չեն կարող չանհանգստացնել Կովկասում թափ հավաքող մտահոգիչ միտումները»