Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն, թե օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի հրավերը տևական խաղաղության հասնելու ջանքերի համար, ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակը։ Լրագրողը Նեդ Փրայսից հետաքրքրվել էր՝ մտահոգություն ունի՞ պաշտոնական Վաշինգտոնը, որ առաջիկա հանդիպումը կարող է խաթարել Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները, այլ ոչ թե դրանք ամրապնդել՝ դատելով Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի վերջին հայտարարություններից:
«Այստեղ մեր միակ նպատակն է տեսնել և օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ՝ դրա ինչը կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ», - ասել է Փրայսը:
«Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց: Մենք կարծում ենք՝ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հյուրընկալեց իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, երբ նրանք առաջին անգամ նույն սենյակում էին վերջին բռնությունների բռնկումից հետո: Ի վերջո, որոշումը Հայաստանինն ու Ադրբեջանինն է՝ արդյոք նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի նրանց՝ հետամուտ լինելու տևական խաղաղությանը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Բերելով Ուկրաիանայի ու Վրաստանի օրինակները՝ Փրայսը շեշտել է, որ Կրեմլը քիչ է հարգում հարևան երկրների ինքնիշխանությունը։ «2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Սակայն, ի վերջո, սա Հայաստանի ու Ադրբեջանի կայացնելիք որոշումն է»», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ «նախատեսվում է քննարկել եռակողմ ու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը»: Մարիա Զախարովան մեղադրել էր Արևմուտքին «հայ-ռուսական դարավոր կապերին վնասելու համար տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկող քայլեր ձեռնարկելու» մեջ։
Մանրամասները տե՛ս այստեղ