Ռուսական դատարանը մերժել է ամերիկացի բասկետբոլի աստղ Բրիթնի Գրայների պատիժը մեղմելու վերաբերյալ միջնորդությունը։ Ավելի վաղ բասկետբոլիստուհուն 9 տարով ազատազրկելու որոշումը Վաշինգտոնը որակել էր չափազանց անհամաչափ, ժամկետը՝ չափազանց մեծ:
Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր և վեց անգամ WNBA-ի «Բոլոր աստղեր»-ի հաղթող 32-ամյա Գրայները կալանավորվել է փետրվարի 17-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Ռուսաստանյան իրավապահների պնդմամբ՝ մարզուհու ուղեբեռից թմրանյութ է հայտաբերվել։ Բրիթնի Գրայների փաստաբանները, սակայն, դատավարության ընթացքում պնդել են, որ հայտնաբերված կանեփի յուղը բժիշկները նշանակել են նրա քրոնիկ ցավերի համար։
Դատարանը որոշման մեջ նշել է, որ Գրայների՝ բանտում անցկացնելու ժամանակը կվերահաշվարկվի՝ հաշվի առնելով նախնական կալանքի ժամկետը։ Նախաքննական կալանքի մեկ օրը կհաշվվի 1,5 օր։ Այդ հաշվարկով՝ բասկետբոլիստը ևս 8 տարի պետք է անազատության մեջ մնա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական դատարանը Բրիթնի Գրայներին դատապարտել է 9 տարվա ազատազրկման