Մոսկվայի մարզի Խիմկի ավանի դատարանը թմրադեղի մաքսանենգության համար մեղադրվող ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայներին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման և մեկ միլիոն ռուբլի տուգանքի:
Բրայներին կալանավորել են այս տարվա փետրվարին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում: Մաքսավորները նրա պայուսակում հայտնաբերել են հաշիշի յուղով սրվակներ, որոնք թմրադեղ օգտագործողները տեղավորում են ծխելու սարքի մեջ:
Բրայները հայտարարել է, թե գիտի, որ այդ նյութն արգելված է Ռուսաստանում, և սխալմամբ է սրվակները դրել պայուսակը:
Բրայները Միացյալ Նահանգների բասկետբոլի կանանց հավաքականի կազմում երկու անգամ վաստակել է օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Վերջին տարիներին նա պայմանագրով խաղացել է Եկատերինբուրգի «Ուրալի լեռնամետալուրգիական կոմբինատի» ակումբի կազմում:
Ենթադրվում է, որ ռուս-ամերիկյան հնարավոր գործարքով երկու երկրները կփոխանակեն կալանավորներին:
Ըստ ռուսական և ամերիկյան մամուլի, ԱՄՆ-ից Ռուսաստան կվերադառնա զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտն, իսկ Ռուսաստանից Ամերիկա կվերադառնան Գրայները և լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, թե «Վաշինգտոնն ամեն ինչ կանի Գրայներին և Ուիլանին օր առաջ տուն վերադարձնելու համար»: