Վատիկանում անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Երեկ Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը՝ նվիրված Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Արարողությանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով պատարագի և Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը միասին նշելու որոշման համար, ապա շարունակելով.

«Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:

Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները», - Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը:

«2015 թվականին ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում որակելով օրվա արարողությունը։

«Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ», - հայտարարել է Արարատ Միրզոյանը: