Ուկրաինայի մի շարք շրջաններ այսօր առավոտյան ռուսների կողմից ենթարկվել են լայնածավալ հրթիռակոծության:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ ռուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքը և նախևառաջ էներգետիկայի հիմնարկները:
Գրոհից հետո Ուկրաինայի արևմուտքում մի շարք բնակավայրերում ընդհատվել է հոսանքի մատակարարումը, կան բարդություններ ջրի և կապի մատակարարման հետ: Զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել:
«Այսօրվա գրոհը համեմատելի է հոկտեմբերի 10-ից 12-ը տեղի ունեցած հրթիռակոծության ծավալի հետ և գուցե նույնիսկ գերազանցում է այն: Առանց հոսանքի է մնացել մոտ մեկ և կես միլիոն սպառող»,- հայտնել է «Ուկրէներգո» ընկերությունը:
Հոսանքազրկվել են Խմելնիցկի և Ռովնո շրջկենտրոնները, Օդեսայի, Կիրովոգրադի, Չերկասիի, Նիկոլաևի և Վոլինի մարզերի մի շարք շրջաններ: ՀՕՊ-ը կարողացել է վնասազերծել մայրաքաղաք Կիևի ուղղությամբ արձակված հինգ ռուսական հրթիռ:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն ասել է, որ ռուսական բոլոր հարվածներից ընդհանուր հաշվով վնասվել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի 30-ից 40 տոկոսը: Վնասը միլիարդավոր դոլարների է հասնում:
Իշխանությունները բնակիչներին կոչ են անում հնարավորինս քիչ սպառել հոսանքը՝ համակարգի կարողությունները խնայելու համար: Մի շարք շրջաններում կիրառվում են հովհարային անջատումներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան անցնում է հովհարային անջատումների