Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի նստավայրում՝ Քվիրինալյան պալատում, Ջորջա Մելոնին այսօր հանդիսավոր երդմամբ ստանձնել է Իտալիայի վարչապետի պաշտոնը: Նա Իտալիայի պատմության ընթացքում դարձել է առաջին կին վարչապետը:
45-ամյա Մելոնին ղեկավարելու է ամենաաջակողմյան կառավարությունը Երկրորդ աշխարհամարտից հետո:
Մելոնին «Իտալիայի եղբայրներ» ազգայնական կուսակցության լիդերն է: Այդ կուսակցությունը նախընտրական դաշինք է կազմել նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ղեկավարած «Ֆորցա Իտալիա» (Առա՛ջ, Իտալիա) կուսակցության և ազգայնական լիդեր Մատեո Սալվինիի առաջնորդած Լիգայի հետ:
Սա կլինի թվով արդեն 12-րդ կառավարությունը 21-րդ դարում: Մելոնիի թիմը պետք է լուծի մի շարք բարդ խնդիրներ, որոնք կապված են էներգակիրների թանկացման, տնտեսական դժվարությունների և ռուս-ուկրաինական պատերազմում միասնական դիրքորոշում որդեգրելու հետ:
Մելոնին խոստացել է աջակցել Ուկրաինային, սակայն Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող Բերլուսկոնին մի քանի առիթներով Կիևին է մեղադրել պատերազմի համար:
«Լիգայի» լիդեր և ներքին գործերի նախկին նախարար Սալվինին դարձել է փոխվարչապետ և ենթակառուցվածքների նախարար:
Իտալիայի առաջին կին վարչապետ Մելոնիի կառավարությունում վեց կանայք նախարարների պաշտոններ են ստացել:
Մելոնիի 9-ը կուսակիցներ դարձել են նախարարներ, ևս հնգական տեղ կառավարությունում տրվել է «Ֆորցա Իտալիային» և «Լիգային»:
24 անդամներից կազմված կառավարությունում մնացած պաշտոնները տեխնոկրատներ են ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալացի աջերը հաղթել են խորհրդարանական ընտրություններում