«Միջազգային խաղացողները Արցախի համար նպաստավոր առաջարկներ չեն անում». Արցախի նախագահի հույսը Ռուսաստանն է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ բաց տեքստով հայտարարեց՝ Արևմուտքի առաջարկները չեն բխում Արցախի շահերից և Արցախի միակ հույսը Ռուսաստանն է, ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային խաղացողները նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում». Արցախի նախագահ

Երեկ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հարությունյանը խոսեց իր ձևակերպմամբ՝ դառը ճշմարտության մասին. Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում միջազգային խաղացողների առաջարկներն Արցախի օգտին չեն. - «Արցախյան խնդիրը ստորադասում են, և բաց պետք է ասենք մեր հասարակությանը, որ այնքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում։ Բայց դա չի խանգարում մեզ իրացնելու մեր ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան ազգերի ինքնորոշման այդ կարևոր նորմը, և մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակներում»։

Եվրամիության, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի օրակարգում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն է, ասաց Հարությունյանյանը, Արցախի հարցը ստորադասված է։ Կոնկրետ ինչ են առաջարկում՝ Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ, Հարությունյանը չմանրամասնեց. - «Արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել, կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»։

Թե ինչպե՞ս է պայքարում Արայիկ Հարությունյանը, տեսել ենք թե' պատերազմից առաջ, թե' հետո, քննադատում է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Աղավնոյի համար էլ էր Հարությունյանը խոստանում պայքարել, երկու ամիս հետո անցավ Ադրբեջանին. - «Մինչ պատերազմն էլ, պատերազմի ժամանակ էլ, հետպատերազմյան շրջանում էլ նրա պահվածքը որևէ վստահություն չի ներշնչում։ Եվ ես վստահեցնում եմ, որ հանրության մեծամասնությունը չի հավատում նրան»։

Տիգրան Պետորսյանը, ով 55 օր նստացույց է անում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու պահանջում է կառավարությունում փոփոխություններ, հիասթափված է Արայիկ Հարությունյանի հարցազրույցից։ Նա ոչ մի լուծում չառաջարկեց, հանրությունը մի քանի ամիս է՝ լսում է, որ Արցախին ոչ մի լավ բան չի սպասվում. - «Անորոշություն ա տիրում տոտալ, և այդ հարցազրույցը Արային Հարությունյանի ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ»։

Խաղաղության օրակարգն ակտիվորեն առաջ մղող Հայաստանը վերջին ամիսներին չի հիշատակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցը, փոխարենը խոսում է Բաքու - Ստեփանակերտ քննարկման միջազգային մեխանիզմների մասին։ Ադրբեջանը կտրուկ մերժում է։

Անկախ այս ամենից Արայիկ Հարությունյանը խոստանում է ինքնորոշման իրավունքի օրակարգից չշեղվել։ Արցախի ապագան առանց Ռուսաստանի չի պատկերացնում. - «Ընդհանուր առմամբ, Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության՝ որպես խաղաղապահ զորակազմ թե այլ առաքելություն, ես չեմ պատկերացնում»։

Տիգրան Աբրահամյան

Որքան էլ դառը լինի ճշմարտությունը, պետք է դրա մասին խոսել պարզ, հնարավոր ելքերը քննարկել ու մարդկանց պատրաստել տարբեր զարգացումների, ինչը չարեց Հարությունյանը, կարծում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը («Պատիվ ունեմ»), որը հաճախ է Արցախում լինում. - «Եվ այս պարագայում բնական է, որ անելիքը մնում է Արցախին և Սփյուռքում և Հայաստանում բոլոր այն կազմակերպություններին, դերակատարներին, ովքեր հասկանում և գիտակցում են, թե ինչ կլինի, եթե մենք Արցախը կորցնենք»։

Ղարաբաղում խաղաղապահ զորակազմ տեղակայած Ռուսաստանին պետք է ապավինել անվտանգության երաշխիքներ ստանալու համար, բայց Արցախն ու Հայաստանն էլ անելիք ունեն, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Նրա կարծիքով, այդ անելիքը երկու տեղում էլ հնարավոր կլինի իշխանության փոփոխությամբ։ Ի վերջո միջազգային դերատակարների օրակարգը փոխվեց, Արցախը ստորադասվեց Փաշինյանի ու Հարությունյանի քաղաքականության հետևանքով. - «Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ տասնամյակից ավելի նույն միջազգային դերակատարների համար Արցախի հարցը քննարկվում էր ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում մինչև 2018 թվականը, և ի՞նչ եղավ, որ 2018 թվականից հետո, Հայաստանում տեղի ունեցած հայտնի քաղաքական իրադարձություններից հետո միջազգային նույն դերակատարները սկսել են Արցախի հարցին նայել այլ դիտանկյունից։ Այստեղ ռեալ պատասխանատվության խնդիր է առաջանում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախցի ընդդիմադիր պատգամավորները կարծում են՝ Հայաստանի իշխանությունները «ձեռքերը լվացել են Արցախից»Արցախի նախագահը կարևորել է ՀՀ-ի հետ համակարգված աշխատանքը, բայց մանրամասներ չի փոխանցել ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը հանդիպումներ են ունեցել Արցախի պատվիրակության հետՏարբեր պատկերացումներ բանակցային գործընթացի վերաբերյալ. Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի քանի օր Հայաստանում էր, հանդիպեցին վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Այդ հանդիպումներից ու քննարկումներից հետո Արցախի ղեկավարը պատմեց դառը ճշմարտության մասին։