Արցախի խորհրդարանում երևանյան հանդիպումների արդյունքների քննարկումից հետո ընդդիմադիր պատգամավորների մոտ ամրապնդվել է կարծիքը, որ Հայաստանի իշխանությունները «ձեռքերը լվացել են Արցախից»։
Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Ազատությանը» մանրամասներ փոխանցեց երեկ նախագահ Արայիկ Հարությունյանի և պատգամավորների հանդիպումից:
«Ասում են, որ Հայաստանի իշխանությունները, իբր, իրենց խոստացել են, որ հնարավորության սահմանում ամեն ինչ անելու են, որ Արցախի ինքնորոշման հարցով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում որևէ կետ նշվի, բայց եթե հանկարծ իրենց չհաջողվի, իրենք միևնույն է գնալու են այդ ճանապարհով՝ հիմնավորելով, թե դա Հայաստանի համար փրկություն է», - ասաց Գալստյանը:
Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության մեկշաբաթյա այցից հետո արտգործնախարար Դավիթ Բաբայանը ևս խոսել էր խաղաղության պայմանագրում նման մի դրույթ ամրագրելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, սակայն, բացառել էր այդ հավանականությունը։
«Դա նախևառաջ կարող է հայելային պահանջ և ցանկություն առաջացնել, երկրորդը, Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել», - նշել է Հայաստանի ԱԺ նախագահը:
Եթե Ալեն Սիմոնյանը նման քննարկումների հավանականությունը բացառել է, ո՞վ է արցախյան պատվիրակությանը նման հավաստիացումներ տվել, հետաքրքրվեցինք ընդդիմադիր պատգամավորից:
«Թե կոնկրետ վարչապետն է ասել, Արարատ Միրզոյանն է ասել, Արմեն Գրիգորյանն է ասել.... Հանդիպումները մենակ Ալեն Սիմոնյանի հետ չեն եղել, և դա Հայաստանի իշխանությունների գործելաոճն է՝ փակ դռների հետևում ասում են այլ բան, գործնականում անում են այլ բան», - պատասխանեց Գալստյանը:
Արցախցի պաշտոնյաները Երևան եկան Ստեփանակերտում մեկնարկած բողոքի հանրահավաքների ընթացքում։ Դրանք սկսվել էին Պրահայի բանակցություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենց միայն այսօր է հաջողվել հանդիպել պատվիրակության անդամներ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ, որոնք էլ նոր մանրամասներ են հայտնել երևանյան հանդիպումներից:
«Հստակ ասել են, որ կա երկու պլան. պլան ա-ն Հավաևի փաստաթուղթն է, որի մեջ նաև նշված է Լեռնային Ղարաբաղի անունը և գրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հետ են գցում անորոշ ժամանակով: Սա ինչքան էլ ցավալի լինի մեր տարբերակում, ընդունելի պետք է լինի մեր համար, սակայն Ադրբեջանը հստակ դեմ է այդ Հավաևի պլանին, և մերոնց՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների հույսը այն է, որ Վլադիմիր Պուտինը կարողանալու է Ալիին համոզել, որպեսզի ընդունի Հավաևի պլանը: Ասում են, որ դա տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, այսինքն, մինչև 31-ը արդեն պարզ կլինի՝ կարողացավ Պուտինն Ալիևին համոզի, թե՝ ոչ: Եվ կա պլան բ, որը առաջարկում է Արևմուտքը, դա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ, թե որպես այլ կարգավիճակով, այսինքն, ինչ-որ կարգավիճակ ունեցող տարածք՝ Ադրբեջանի կազմում», - ներկայացրեց Պետրոսյանը:
Ոչ Արցախի իշխանական պատգամավորներից, ոչ էլ պատվիրակության անդամներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Երեկվա փակ նիստին հաջորդած հաղորդագրության մեջ միայն նշված էր, թե իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով անկախության ճանաչման նպատակին։ Բայց թե ինչպե՞ս է Ստեփանակերտը պատկերացնում դա և որոնք են լինելու Արցախի իշխանությունների քայլերը, հայտնի չէ։ Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը իրենց ևս անելիքների մասին ոչինչ չի հաղորդել։
Արցախում սպասում են շաբաթվա վերջին նախագահի հարցազրույցին։ Ակնկալվում է, որ հենց այդ ժամանակ էլ Արայիկ Հարությունյանը կխոսի Արցախի հետագա անելիքներից։
«Երբ որ Արցախի իշխանությունները վերջնականապես կկողմնորոշվեն և հանրային հանդես կգան այդ հարցի շուրջ, դրանից հետո արդեն ոչ թե տեսական, այլ գործողություններով բոլորը կտեսնեն, թե ինչ քայլեր են լինելու: Մինչև Հայաստանի իշխանությունները չկարողանան ապահովել Արցախի՝ միջազգային հարթակներում լիիրավ ներկայացվածությունը, որևէ իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախը ներկայացնելուց: Շատ ավելի հանգիստ այդ իշխանությունները կարող են առանց ցնցումների իրենց աթոռներից հրաժարվել, այլ ոչ թե հայրենիքի՝ Արցախի հատվածից», - նշեց Դավիթ Գալստյանը:
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում նստացույցը շարունակող Տիգրան Պետրոսյանն ասաց՝ մինչ այդ էլի հանրահավաքներ կլինեն. «Որևէ մեկը հանրապետությունում չգիտի ինչ անել»: