Սկսվում է Բրիտանիայի վարչապետի թեկնածուների պայքարը
Ընդամենը 44 օր ղեկավարելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունը, Լիզ Թրասը երեկ հայտնել է պահպանողական կուսակցության լիդերի և վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին:
«Ես չեմ կարող իրականացնել այն լիազորությունները, որոնք ինձ տրվել են պահպանողական կուսակցության կողմից: Այդ իսկ պատճառով ես խոսել եմ Նորին Մեծություն թագավոր Չարլզ երրորդի հետ՝ տեղեկացնելով, որ հրաժարական եմ տալիս»,- ասել է Թրասը:
Հրաժարականով սահմանվել է յուրօրինակ ռեկորդ. Թրասը դարձել է պատմության ընթացքում Լոնդոնում Դաունինգ Սթրիթ 10-ը հասցեում ամենաքիչ ժամանակն անցկացրած վարչապետը:
Սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 20-ը հիրավի ավերիչ զարգացումներ են եղել, Լիզ Թրասի առաջարկած ֆինանսական-տնտեսական բարեփոխումների փաթեթը և հատկապես հարկահավաքության նոր մեխանիզմը ցնցումներ են առաջացրել շուկայում:
Այն, եթե ուժի մեջ մտներ, շատ բարենպաստ կլիներ մեծահարուստների համար, բայց կհարվածեր միջին և ցածր եկամուտներով ապրողների գրպանին, վտանգի տակ կարող էր հայտնվել կենսաթոշակների վճարման համակարգը:
Վերջին չորս ամսում՝ ֆինանսների չորս նախարար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեյբորիստներ. «Բրիտանիայի ներկայիս վարչապետն իր իսկ ստվերից է վախենում»Թրասի հրաժարականն են պահանջել ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստներն, այլև հենց իր կուսակից պահպանողականներից շատերը:
Հինգ շաբաթում պաշտոններից հեռացան երկու նախարարներ, BBC-ի համաձայն, վարչապետի վարկանիշը չէր հասնում 15 տոկոսի:
Բրիտանիայում պահպանողականները, կամ, ինչպես այդ երկրում նրանց հաճախ են անվանում՝ «թորիները», 12 տարի են իշխում:
Այս ընթացքում փոխվել է 4 վարչապետ և ընդամենը վերջին չորս ամսում՝ ֆինանսների չորս նախարար, ինչն արդեն ակնհայտ վկայում է քաոսի մասին:
BBC-ն նշում է, որ Թրասի գործունեության օրոք «մոլորակի 7 հզոր տնտեսությունների ցուցակում գտնվող միջուկային գերտերություն Բրիտանիան հասել է քաղաքական, սոցիալական և տնտեսական կաթվածի եզրին»:
Այսօր հրատապը հաջորդ վարչապետի նշանակումն է: Ո՞վ կդառնա պահպանողականների նոր լիդերը և կստանձնի կառավարության ղեկավարումը:
Մինչև երկուշաբթի օրը հավանական թեկնածուն պետք է ստանա առնվազն 100 կուսակիցների աջակցությունը: Եթե լինի ընդամենը մեկ թեկնածու՝ նա օրենքի ուժով կդառնա վարչապետ:
Հնարավոր է լիդերին ընտրեն առցանց քվեարկությամբ
Բայց չի բացառվում, որ միանգամից երեք գործիչ կառաջադրվի: Այդ հարցերը կարգավորում է այսպես կոչված «1922 թվականի կոմիտեն»:
Պահպանողականների նախագահ Ջեյք Բերրին պարզաբանել է, որ եթե կուսակցությունից առաջադրվի 2 կամ 3 թեկնածու՝ երկրի մոտ 170 հազար կուսակցականները պետք է առցանց պարտադիր քվեարկությամբ ընտրեն լիդերին:
«Դա պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերի 28-ը»,- ասել է իշխող կուսակցության նախագահ սըր Ջեյք Բերրին:
Հավանական թեկնածուների թվում են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, պաշտպանության նախկին նախարար Փեննի Մորդընթը և բրիտանական քաղաքականության վերջին տարիների ամենավառ լիդերներից մեկը՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին մի մասը երկրում անխնա քննադատում է, մի մասն էլ համակրում:
Բրիտանացի վերլուծաբանների համոզմամբ, առավել մեծ շանսեր ունի Սունակը, սակայն նրա վարկանիշը վերջերս նվազել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա շատ հարուստ կինը՝ Ակշատու Մուրտին, մոտ10 միլիոն ֆունտ ստերլինգի եկամուտ չի հայտարարագրել:
Փեննի Մորդընթը դարձել է Բրիտանիայում պաշտպանության նախարարության ղեկավարումը ստանձնած առաջին կինը: Այժմ նա բրիտանական խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի լիդերն է:
Ջոնսոնի Hasta la vista, baby ուղերձը՝ զարմանալի կանխատեսո՞ւմ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորիս Ջոնսոն. «Hasta la vista, baby, շնորհակալություն»Բորիս Ջոնսոնն ընդհատել է արձակուրդը Կարիբյան կղզիներում և շտապ վերադարձել է Լոնդոն:
Եթե պահպանողականները նրան վստահեն լիդերի դերն, ապա նրա հրաժեշտի խոսքում կատակով հնչեցված ուղերձը հիրավի միստիկ իմաստ կստանա. «Hasta la vista, baby՝ «մենք դեռ կհանդիպենք, բեյբի»:
Լեյբորիստները պահանջում են նոր ընտրություններ
Մինչդեռ, ընդդիմադիր լեյբորիստները, որոնց՝ ըստ հին քաղաքական ավանդույթի, անվանում են նաև «վիգիներ», արդեն պահանջում են արտահերթ ընտրություններ:
Լեյբորիստների լիդեր Քիր Սթարմերն ասել է, թե հարկ է հրաժարվել էքսպերիմենտներից և պահպանողականների վերնախավի մակարդակում լիդեր փոխելով հարցերը լուծելու գործելակերպից: Ըստ նրա, կարևորն այն է, ինչ տեղի է ունենում երկրում:
«Մենք կարող ենք կայունություն և ժողովրդի համար աշխատող տնտեսություն ապահովել, դրա համար եմ ասում, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Մարդկանց շանս տվեք, դուք ուզում եք շարունակե՞լ քաոսը, թե՞ ուզում եք լեյբորիստներին տալ կայունությունը վերականգնելու հնարավորություն»,- ասել է Քիր Աթարմերը:
Բրիտանացիներից շատերը զայրացած այս անորոշությունից
Շարքային ընտրողների շրջանում արտահերթ ընտրությունների հարցում միասնական կարծիք չկա: Այդ մասին են վկայում Լոնդոնի փողոցներում Reuters լրատվական գործակալության անցկացրած կարճ հարցման արդյունքները:
«Դժվար է, գուցե արտահերթ ընտրություններն ավելի խառը վիճակ ստեղծեն, դժվար հարց է»,- ասել է լոնդոնցի Ռութ Սքոթը:
«Նախապատվությունը կտայի Ռիշիին (Սունակին), նա կարող է արդյունավետ գործել: Բորիսը վերադառնո՞ւմ է, չգիտեմ, արդյոք դա խելացի որոշում կլինի»,- ասել է Ջորջ Դերբիշայրը:
«Քաոս է, պահպանողականները 12 տարի է իշխում են, աղետն աղետի ետևից: Մարդիկ չեն ընդունի երկու ամսում երրորդ վարչապետի գաղափարը: Բորիսն ապացուցել է, որ ստախոս է և անբարոյական, և նրա վերադարձի մասին գաղափարն իսկ անընդունելի է», - ասել է Սայմոն Փոթսը: