Եվրամիության քաղաքացիական 40 դիտորդները հաջորդ շաբաթվա սկզբին կսկսեն դիտորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս պահի դրությամբ «Ազատությանը» հաջողվել է պարզել, որ Եվրամիության դիտորդները տեղակայվելու են Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, իսկ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը փոխանցեց, որ դեռևս քննարկումներ են ընթանում և չի կարող հստակ որևէ բան ասել։
Գեղարքունիքում դիտորդները կտեղակայվեն եկող երեքշաբթի։ Մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց, որ նրանք դիտարկումներ կանեն սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից տուժած հատվածներում։
«Մենք այս ընթացքում հանել ենք այն ռիսկային մասերը, որտեղ խնդիրներ ենք տեսել, դրա հետ կապված իրենց ներկայացրել ենք, իրենց հետ որոշակի համաձայնություն ունենք, որ այդ հատվածներում իրենք իրենց առաքելությունն են իրականացնելու», - նշեց Սարգսյանը:
Եվրամիությունը տեղեկացնում է, որ երկու ամսով Հայաստան ժամանող դիտորդները 2 հիմնական գործառույթ են ունենալու՝ աջակցելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը, դիտարկելով 2 կողմերի հանձնառությունը հրադադարի պահպանմանը, ինչպես նաև պարբերաբար զեկույցներ են ներկայացնելու զինուժի տեղակայման և հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ։
Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումն, ըստ Եվրամիության, թույլ կտա ավելի արդյունավետ աջակցել 2 կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ ԵՄ դիտորդների արագ տեղակայումն ապահովելու համար, առաքելությունը Հայաստան է ժամանում անմիջապես Վրաստանից, որտեղ ռուս-վրացական պատերազմից հետո ավելի քան 200 դիտորդ է աշխատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալՎրաստանի ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամի եվրոպական ուսումնասիրություններ բաժնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին, ով հետևում է Վրաստանում տեղակայված Եվրամիության դիտորդների աշխատանքին, կարծում է, որ Հայաստան ժամանող դիտորդները կարող են իրապես նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Վրաստանի օրինակով, փորձագետը նշում է, որ մինչև Եվրամիության դիտորդների տեղակայումը, իրավիճակը Հարավային Օսեթայի և Վրաստանի զինված ուժերի միջև բավական լարված էր։ Եվ այժմ, երբ հայկական ու ադրբեջանական կողմը պարբերաբար միմյանց են մեղադրում կրակոցների համար, դիտորդների ներկայությունը շատ կարևոր է՝ հրադադարի ռեժիմը պահպանելու առումով։
«Այդ պարագայում 2 կողմերն էլ հասկանում են, որ Եվրամիության անկախ դիտորդները զեկուցելու են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ժամանակ դժվար կլինի միմյանց մեղադրել», - ասաց փորձագետը:
Կախա Գոգոլաշվիլիի փոխանցմամբ՝ 2008 թվականից Վրաստանում տեղակայված Եվրամիության 200 դիտորդների զգալի մասը նախկինում ռազմական փորձ ունեցող մասնագետներ են։ Նրանց ղեկավար կազմը տեղակայված է Թբիլիսում, տարածաշրջանային գրասենյակներ են գործում Զուգդիդիում և Մցխեթում՝ դիտարկելով Հարավային Օսեթային և Աբխազիայի հետ սահմանային հատվածները։
Դիտորդները մեքենաներով և հատուկ սարքավորումներով ամենօրյա դիտարկումներ են անցկացնում։ Նրանց առաքելությունն է արձանագրել սահմանին տեղի ունեցող միջադեպերը, ներառյալ հրադադարի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները։ Հարցին, թե մարդու իրավունքների հետ կապված ի՞նչ խնդիրներ են առաջանում, Կախա Գոգոլաշվիլին պատասխանեց, որ օրինակ՝ ռուս սահմանապահները Վրաստանի քաղաքացիների են ձերբակալում։
«Հաճախ դեպքեր են լինում, երբ ռուս զինվորները սահմանային հատվածներում առևանգում են Վրաստանի քաղաքացիներին, նրանց բանտարկում են Ցխինվալիում, գումար պահանջում ազատ արձակելու համար կամ ընդհանարապես ազատ չեն արձակում, դիտորդները այդ մասին զեկուցում են Եվրամիությանը, Եվրամիությունն էլ օգնում է Վրաստանի կառավարությանը այդ մարդկանց ազատ արձակելու հարցում», - ընդգծեց Գոգոլաշվիլին։
Եթե Վրաստանում տարիներ շարունակ դիտարկումներ են անում ավելի քան 200 դիտորդներ, ապա հայ-ադրբեջանական սահմանի համար ընդամենը 40 դիտորդ է առաքելություն իրականացնելու։ Վրացի քաղաքագետն ասում է՝ դա, իհարկե, բարդացնում է գործը, և 40 դիտորդները չեն կարողանա ապահովել ամբողջ սահմանի դիտարկումը, բայց նրանք կարող են դիտարկել այն վայրերը, որոնք ավելի մեծ ռիսկեր են պարունակում։ Բացի այդ դիտորդները անընդհատ տեղաշարժվում են, և կողմերը հասկանում են, որ նրանք ամեն պահի կարող են հայտնվել ցանկացած վայրում։ Դա կարող է զսպել ագրեսիվ գործողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ առաքելությունն արձանագրել է՝ ադրբեջանական զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքում է. Սյունիքի փոխմարզպետ