Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան արագ կհաղթահարի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի հանգամանքով առաջացած անորոշությունը:
«Մաղթում եմ Բրիտանիային հնարավորինս արագ վերականգնել կայունությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը:
Այդ մասին նա խոսել է Բրյուսելում, որտեղ գումարվել է Եվրամիության գագաթնաժողովը: Մակրոնն ասել է նաև, թե «անձնական մակարդակում միշտ տխրություն ես զգում, երբ գործընկերներդ հեռանում են աշխատանքից»:
Թրասն ընդամենը 45 օր է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, ինչը յուրօրինակ «ռեկորդ» է Բրիտանիայի պատմության ընթացքում:
Պահպանողականների հաջորդ լիդերի անունը հայտնի կդառնա մինչև հաջորդ ուրբաթ օրը: Կուսակիցների աջակցությունը վաստակած գործիչն էլ կառաջադրվի վարչապետ:
Հավանական թեկնածուների թվում են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, պահպանողական գործիչ Փեննի Մորդոնթը, նախկինում մի շարք նախարարական պաշտոններ զբաղեցրած Ջերեմի Հանթը, ինչպես նաև նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մինչ այդ Լիզ Թրասը կշարունակի կատարել վարչապետի լիազորությունները:
Թրասից առաջ ամենակարճ ժամկետը պաշտոնավարած վարչապետը համարվել է Ջորջ Քանինգը, ով 1827 թվականին 119 օր է ղեկավարել կառավարությունը և մահացել է թոքախտից:
Վարչապետի պաշտոնում ամենաերկար ժամկետի ռեկորդը սահմանել է Ռոբերտ Ուոլփոլը, ով համարվում է թագավորության առաջին վարչապետը:
Նա պաշտոնը ստաձնել է 1721 թվականի ապրիլի 4-ին և աշխատել է մինչև 1742 թվականի փետրվարի 11-ը՝ ընդհանուր հաշվով 20 տարի և 314 օր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել