Գործարար Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնը կստանձնի նոյեմբերի սկզբին ու կներակայցնի ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնի ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։
Վարդանյանն իր այս որոշման մասին գրել է Ֆեյսբուքում՝ նաև նշելով, որ մինչև հոկտեմբերի վերջ կշարունակի թիմի և ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները։
«Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը», - մասնավորապես, գրել է Վարդանյանը։
Դեռ հոկտեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր 54-ամյա գործարարին առաջարկել ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Վարդանյանն էլ հայտարարել էր՝ պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։
Վարդանյանն այսօր ֆեյսբուքում գրել է՝ մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն իրեն համոզեցին, որ «մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիրը սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:
Հարությունյանը ողջունել էր Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։
Երևանում ծնված Վարդանյանը երկար տարիներ բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում, 90-ականներին ղեկավարել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը, «Ֆորբսի» գնահատմամբ, նա մեկ միլիարդ դոլարի կարողություն ունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդանյանը «պատրաստ կլինի ընդունել Արցախի պետնախարարի պաշտոնը, եթե իր մոտեցումները լայն աջակցություն ստանան»