Էրդողանը և Ալիևը բացեցին Զանգիլանի նորակառույց օդակայանը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը նորակառույց օդանավակայանում, Զանգիլան, 20-ը հոկտեմբերի, 2022թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Զանգիլան, որտեղ ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի ընկերակցությամբ մասնակցել է նորակառույց միջազգային օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

Էրդողանը հույս է հայտնել, որ «այս նոր օդակայանը կծառայի Ադրբեջանի և աշխարհի բարգավաճմանը»:

Էրդողանին այս այցի ընթացքում ուղեկցում են խորհրդարանի փոխնախագահ Ջելալ Այդինը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիդ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Այդ օդակայանը կառուցվել է 18 ամսվա ընթացքում: Անցյալ տարի Էրդողանը նման այց է կատարել և մասնակցել է Ֆիզուլիի օդակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

Զանգիլանի միջազգային օդակայանը երկրորդն է, որն Ադրբեջանում կառուցել են 44-օրյա պատերազմի արդյունքում տարածքները հսկողության տակ վերցնելուց հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու Զանգիլանի օդանավակայանի բացմանը