Սահմանամերձ Սոթքում կրակոցներ գրեթե ամեն օր են լսվում, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից ամենաշատը տուժած այս համայնքում մարդիկ ընդամենը մեկ բան՝ անվտանգություն են ուզում։
Վերջին օրերին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Գեղարքունիքի մարզի այս շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ադրբեջանական կողմն էլ իր հերթին Երևանին է մեղադրում։ Բաքուն օրերս հայտարարել էր, թե այս ուղղությամբ հայկական կողմը լրացուցիչ ուժեր է կուտակում։ Երևանը պարզաբանել էր, որ այդ քայլերն իրականացրել է ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո և դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
Ռազմական գերատեսչությունը հայտնել էր՝ եթե ադրբեջանցիները դուրս բերեն իրենց միջոցները, հայկական կողմն էլ դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները, պատրաստակամություն հայտնելով բանակցել այդ հարցի շուրջ։ Բայց բանակցությունների մասին երկու օր է ոչինչ հայտնի չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սոթքում անհանգիստ են, որ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել«Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ»․ Երևանը՝ ԲաքվինԱյս ընթացքում Սոթքում շինարարություն է ընթանում։ Ռազմական գործողությունների հետևանքով այստեղ շուրջ 150 տուն է վնասվել, ընդ որում՝ 50-ը ամբողջությամբ, պետք է նորոգել կամ նորը կառուցել։ Այս աշխատանքների համար կառավարությունը անհրաժեշտ միջոցների մի մասն է առայժմ հատկացրել գյուղացիներին։
«Ամբողջ ապակիներն են ջարդվել, պատերն են ճաքել, կազմակերպություն է եկել մարզպետարանից, գնահատել են, գումարի որոշակի մասը՝ 50 տոկոսը փոխանցել են, շինարարության որոշակի հատվածից հետո էն 50 տոկոսն էլ են փոխհատուցելու: Վնասը գնահատել են 690 ու 700 հազար: Երկու ավտոները 300 հազար, 400 հազար էլ լուսամուտները, 700 եղավ, արդեն մնացածը չգիտեմ 300, թե 400 ինձանից պետք է գնա», - ասաց բնակիչներից մեկը:
Սեպտեմբերի 13-ի ուժգին հրետակոծության ժամանակ շուրջ 1000 բնակիչ ունեցող Սոթքից գրեթե բոլորն էին գնացել, մեկ ամսվա ընթացքում մի մասը վերադարձել է:
«Բնակիչները հիմնականում վերադառնում են իրենց բնակարանները, այս պահին թիվ չեմ կարող ասել, որովհետև փոփոխական է, բայց վերադարձ կա: Աշխատանքները իրականցվում են լայն թափով, կառավարության կողմից հատկացված կենսական միջոցները տրվել են արդեն բնակիչներին, առաջին փուլն արդեն վերջացրել ենք, հիմա երկրորդ փուլն ենք իրականցնում», - ասաց քաղաքապետարանից:
Սոթքը խոշորացված Վարդենիսի մաս է կազմում։ Համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը վստահեցրեց՝ եթե եղանակը չխանգարի, մեկ ամսում շինաշխատանքները կավարտեն։ Պաշտոնյան սահմանին տիրող իրավիճակի մասին խոսել չցանկացավ, միայն ասաց՝ կայուն դրություն է:
Մինչ սահմանին կրակոցները չեն լռում, Սոթքում մարդիկ մի կողմից սեպտեմբերյան արկերի հետևանքներն են վերացնում, մյուս կողմից ասում՝ «մեկ է չգիտենք՝ վաղն ինչ է լինելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Չգիտենք՝ վաղը մեզ ինչ ա սպասվում». Սոթքի տարածքում ամենուր ռումբերի փորած փոսերն են, չպայթած արկերը