Սոթքում անհանգիստ են, որ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել

Սեպտեմբերի 14-ին Սոթքի հատվածում հրետակոծության հետևանքները

Ադրբեջանական ստորաբաժանումներն այս գիշեր կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակելով սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընդ որում, Պաշտպանության նախարարության պնդմամբ, Սոթք - Կուտական հատվածում ադրբեջանցիները նախ կրակել են միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ, այդ կերպ ադրբեջանական կողմը փորձում է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմն է առաջինը խախտում հրադադարը, իրենք էլ պատասխան կրակ են բացում։

«Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են նախ տպավորություն ստեղծել, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի, կրակ բացել», - ասաց ՊՆ խոսնակը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է, թե գիշերը կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչդեռ Սոթքից «Ազատությանը» փոխանցեցին, որ ամեն օր լսում են սահմանին հնչող կրակոցները։ Երեկ էլ են կրակել, ինչը անհանգստացնում է գյուղում մնացած փոքրաթիվ ընտանիքներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կեսգիշերին մեր տունը պայթեց, Սոթքից փախել ենք կիսամերկ».«Չգիտենք՝ վաղը մեզ ինչ ա սպասվում». Սոթքի տարածքում ամենուր ռումբերի փորած փոսերն են, չպայթած արկերը

Սոթքի բնակիչ, Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո իր ընտանիքին կրկին գյուղ է բերել, բայց ասում է, որ գյուղի 70 տոկոսը ժամանակավոր այլ բնակավայրեր է տեղափոխվել, մարդիկ անհանգիստ են, որ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Ամենօրյա դարձած կրակոցներն էլ ավելի են ամրապնդում այդ մտահոգությունները։

«Կրակոցներից ելնելով՝ մարդիկ կան, որ իրանց երեխաներին նորից ուզում են հանել արդեն ու իրականում էլ այդ վտանգը շատ մեծ է: Մենք ի՞նչ երաշխիք ունենք, թե սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածը նորից չի կրկնվի», - ասաց Ավետյանը՝ հավելելով՝ կրակոցներ լսում են հիմնականում գիշերային ժամերին, - «ցերեկներն էլ է լինում, օրինակ, էս գիշեր լսել ենք: Սահմանն էնքան մոտ է, որ նույնիսկ քնած տեղից մարդիկ արթնանում են էդ կրակոցների ձայնից»:

«Ազատության» հարցին՝ վերջին օրերին հաճախակի՞ են դարձել կրակոցները, Գեղամասարի համայնքապետը պատասխանեց. «Կարելի է ասել՝ ամեն օր»:

Ադրբեջանը երեկ հայտարարել էր, թե Վարդենիսի ուղղությամբ հայկական կողմը լրացուցիչ ուժեր՝ հետևակ և հրետանի է կուտակում։ Ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր՝ հայկական կողմի քայլերն իրականացվել են այդ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո և կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Նախարարությունը վստահեցրել էր՝ հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և եթե ադրբեջանցիները այդ ուղղությունից դուրս բերեն իրենց միջոցները, ապա հայկական կողմն էլ դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները, պատրաստակամություն հայտնելով բանակցել այդ հարցի շուրջ։

Մինչ այս պահը սակայն, Ադրբեջանը չի արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ»․ Երևանը՝ ԲաքվինՓաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար

«Հայկական կողմը պատրաստ է բանակցել, երբ կլինեն արդյունքներ կամ որոշակի արձանագրումներ, այդ մասին Պաշտպանության նախարարությունը հայտարարությունը հաղորդագրություն կտարածի», - ասաց ՊՆ խոսնակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Թվիթերում գրել է, որ Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները, այդ կերպ փորձելով Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակ ստեղծել։ Փաշինյանը կրկին պնդել էր՝ «հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»։

Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։ Նույն իրավիճակն էր նաև սեպտեմբերյան բախումներից առաջ։

Արդյո՞ք հնարավոր նոր էսկալացիա

Արդյո՞ք հնարավոր նոր էսկալացիա՝ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդների տեղակայումից առաջ։ Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանը մտածում է էսկալացիայի մասին, փորձելով նյութականացնել 44-օրյա պատերազմից հետո ունեցած առավելությունները, սակայն նաև գիտակցում է միջազգային հանրության արձագանքի մասին։

«Կարծում եմ՝ ինքը մտածում է էսկալացիայի մասին, բայց սեպտեմբերի 13-ի գործողությունների ընթացքում Ադրբեջանը նաև մտածում էր՝ միջազգային արձագանքը ուշանալու է կամ չի լինելու, բայց այդ արձագանքը եղավ՝ հստակ արդեն դիրքորոշմամբ, այն, ինչ որ տևական ժամանակ մենք չէինք նկատում: Հիմա խնդիրը հետևյալն է, որ ինքը պետք է գիտակցի մի բան՝ խաղաղություն ինչքան մեզ է պետք, էդքան էլ իրեն է պետք: Վերջին բանակցությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը ֆիքսում էր, որ 29 հազար 800-ը անփոփոխ է, և դա նշանակում է, որ այդ սահմանները բոլոր ճանաչելու ենք, Սովետական միության փլուզումից հետո և հետագա բոլոր բաներում մենք ճանաչելու ենք, և էդ ճանաչված սահմանները պարտավոր է հարգի նաև Ադրբեջանը: Եթե Ադրբեջանը չի հարգում, էդ սահմանները հո չե՞ն փոխվելու: Եղել են դեպքեր, որ քաղաքական գործիչները միջազգային հանրության արձագանքներին չեն արձագանքել, և մի օր դա դառնում է փորձանք տվյալ պետության անվտանգության համակարգի համար», - նշեց Քոչարյանը:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասաց, որ տարածաշրջանում սպառազինությունների հավասարակշռությունը խախտված է, այդ մասին փոխանցել են նաև այսօր ամերիկացի կոնգրեսականներին՝ ընդգծելով, որ նաև հավասարակշռությունը վերականգնելով կստիպեն Ադրբեջանին ետ կանգնել նոր ռազմական ագրեսիայից։