Ղրիմի կամրջի պայթեցման հանգամանքները հետաքննող քննիչների միջնորդությամբ մոսկովյան դատարանն արձակել է ևս 3 կասկածյալի կալանավորելու որոշում:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ձերբակալվել և մինչև այս տարվա դեկտեմբերի 8-ը նախնական կալանքի վայրում կմնան Ալեքսանդր Բրիլինը, Օլեգ Անտիպովը և Դմիտրի Տյաժելիխը:
Մի քանի օր առաջ անվտանգության դաշնային ծառայությունը՝ չնշելով անուններ, հայտնել է, որ հինգ ռուսաստանցիներ առնչություն ունեն Ղրիմի կամրջի պայթեցման հետ:
Ռուսների կողմից զավթված Ղրիմում հոկտեմբերի 13-ին կալանավորվել են առաջին հինգ կասկածյալները՝ Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբան և Արթուր Տերչանյանը:
Ըստ անվտանգության դաշնային ծառայության, պայթուցիկով բեռնատարը Ռուսաստան մեկնելու ճանապարհին անցել է Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով:
Ղրիմի կամրջին պայթյունը տեղի է հոկտեմբերի 8-ին, զոհվել է առնվազն երեք մարդ: Նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունն անվանել է «ահաբեկչական գրոհ, որը կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները»:
Հայաստանի ԱԱԾ-ն վարույթ է սկսել կամրջի պայթեցման գործում ՀՀ քաղաքացու ենթադրյալ մասնակցության հանգամանքները պարզելու համար: