Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել է ահաբեկչության մասին Բելգորոդի մարզի զինավարժարանում, որտեղ Ուկրաինա մեկնելու համար պատրաստություն էին անցնում կամավորականները:
«Հոկտեմբերի 15-ին Բելգորոդի մարզում Արևմտյան ռազմական օկրուգի զինավարժարանում ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից կատարվել է ահաբեկչական գործողություն», - հաղորդել է ՌԴ ռազմական գերատեսչությունը: Ըստ զինվորականների, ահաբեկիչները հրաձգային զենքից կրակ են բացել ստորաբաժանման անձնակազմի ուղղությամբ՝ «հատուկ գործողությանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հետ կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ»:
11 մարդ մահացու հրազենային վիրավորումներ է ստացել, ևս 15-ը տարբեր աստիճանի վիրավորումներով տեղափոխվել է բուժհաստատություն, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, փոխանցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Երկու կրակողները, ըստ նախարարության տվյալների, սպանվել են պատասխան կրակով: Թե ԱՊՀ որ երկրի քաղաքացիներ էին նրանք, հաղորդագրությունում չի նշվում, սակայն Տելեգրամ ալիքների չհաստատված տվյալներով՝ նրանք ծագումով Տաջիկստանից էին և կրակել են գնդացրից: Տաջիկստանցիները, Տելեգրամ ալիքներից մեկի վարկածով, նույնպես զորակոչված էին զորահավաքի շրջանակում և մասնակցում էին վարժանքներին:
Վերջերս ՌԴ քաղաքացիություն ստացած ԱՊՀ երկրների բնակիչները «Ազատության» "Настоящее Время" ծրագրին հայտնել են, որ ծանուցագրեր են ստանում. նրանց ևս ռուսաստանցիների հետ ուղարկում են պատերազմ Ուկրաինա: Ռուսաստանի իշխանությունները նաև խոստացել են պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհել ներգաղթյալներին, ովքեր կհամաձայնեն գնալ պատերազմ: