Կենսաթոշակային հաշվի մնացորդի մասին նամակները երևանցի Տիգրան Քեհյանին հանգիստ չեն տալիս։ Նա մեկն է Հայաստանի այն հազարավոր քաղաքացիներից, որոնք վերջին ամիսներին ահազանգում են՝ իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվների գումարն անընդհատ նվազում է:
«Վերջին եռամսյակի իմ հավաքագրած գումարները, վճարված գումարները և պետության կողմից տրված գումարներն ամբողջությամբ զրոյացվել են», - ասաց Քեհյանը:
41-ամյա տղամարդը մտահոգված է՝ միգուցե ողջ կյանքը աշխատի ու կուտակի, բայց օր ծերության փաստի առաջ կանգնի՝ բավարար գումար չունենալով։ Ֆոնդերի կառավարիչներն ու Կենտրոնական բանկը մինչդեռ, պնդում են՝ նվազման այս միտումներին կհաջորդի հաշիվների վերակագնումն ու աճը։
Կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն մի քանի տարի է պարտադիր է 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների համար։ Գործող կարգավորումներով յուրաքանչյուր ամիս քաղաքացիների աշխատավարձի տասը տոկոսն ուղղվում է կենսաթոշակային ֆոնդին, դրա մի մասը վճարում է աշխատողը, մյուս մասը՝ պետությունը։ Օրինակ՝ 250 հազար դրամ գրանցված աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է ավելի քան 11 հազար դրամ, շուրջ 14 հազար էլ պետությունն է ավելացնում։
Վերջին ամիսներին իրենց հաշիվների նվազած մնացորդները տեսնելուց հետո շատերն այլևս չեն հավատում կուտակային համակարգի գովազդներում խոստացված «բախտավոր ու երջանիկ» ծերության հեռանկարին։
«Ոչ մեկը վստահություն չունի, որ ինքը ստանալու է այն, ինչը որ ի սկզբանե գովազդվում էր և ներկայացվում էր, այսինքն, մենք ունենալու ենք կայուն եկամուտ, մենք կայուն թոշակ ենք ունենալու, արժանապատիվ կյանք ենք վայելելու», - ընդգծեց Տիգրան Քեհյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազում են, ԿԲ-ն անհանգստանալու առիթ չի տեսնումՀամատարած դժգոհությունների ֆոնին ամռանը Կենտրոնական բանկը վստահեցրեց, որ անհանգստանալու առիթ չկա։ Կենսաթոշակային հաշիվներում մնացորդի նվազումը մասնագետներն առաջին հերթին պայմանավորում են դոլարի համեմատ դրամի կտրուկ արժևորմամբ, գնաճով ու համաշխարհային տնտեսությունում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված անորոշություններով։
Հայաստանցիների գումարները կառավարող կենսաթոշակային ֆոնդերը տարբեր ուղղություններով և ոլորտներում ներդրումներ կատարելով պետք է ապահովեն, որ այդ գումարները նաև եկամուտ ապահովեն։ Ֆոնդերը քաղաքացիների աշխատավարձից պահվող գումարի մի մասով՝ մինչև 40 տոկոսով, ներդրումներ են անում արտասահմանում՝ հիմնականում Միացյալ Նահանգներում՝ բաժնեմասեր, տարբեր ընկերությունների արժեթղթեր են ձեռք բերվում։ Փորձագետները մեկնաբանում են՝ դրամի կտրուկ արժևորման պատճառով ներդրված միջոցների դրամային արտահայտությունը նվազում է։
«Գալիս եմ այն մտքին, որ քանի դրամը արժևորվում է մենք վնասներ կկրենք, իսկ դրամն արժեզրկվելու դեպքում նոր օգուտ կստանանք», - ընդգծեց Քեհյանը:
Եվ ահա համատարած դժգոհությունների ու ահազանգերի այս շրջանում Կենտրոնական բանկն առաջարկում է պարտադիր կուտակայինի համակարգում օրենսդրական փոփոխություններ իրականացնել, ինչը հնարավորություն կտա կուտակված միջոցների մի մասը ներդնել տեղում՝ հայաստանյան ընկերություններում ու ծրագրերում։ Իրավական փոփոխությունների այս նախագիծը ուղարկվել է կառավարություն։
«Երկարաժամկետ առումով ինքը պետք է դրական ազդի, քանի որ էդ փոփոխություններն ավելացնում են ներդրումների ճկունությունը և հնարավորությունները», - հայտնեց ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը:
Շահնազարյանը չի թաքցնում՝ քիչ հավանական է, որ կենսաթոշակային ֆոնդերի նվազումները մոտ ապագայում կվերականգնվեն։ Երկրի գլխավոր դրամատնից, սակայն, պնդում են՝ երկարաժամկետ հեռանկարում այլ պատկեր կլինի. «Կենսաթոշակային ֆոնդերը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում կառավարվում են երկարաժամկետ ռազմավարությամբ, հետևաբար այս կարճաժամկետ տատանումներով չէ, որ պետք է գնահատենք ներդրումների վերաբերյալ, հետևաբար կարևորը երկարաժամկետ արդյունքներն են»:
Պարտադիր կուտակային համակարգի առաջին վճարումները կսկսվեն 15 տարուց, հենց այդ ժամանակ համակարգի առաջին շահառուները 63 տարեկան կդառնան։ Պաշտոնյային հարցրինք՝ իսկ եթե այդ ժամանակ էլ աշխարհում տնտեսական ցնցումներ լինեն ու հաշիվները, չնայած քաղաքացիների տասնամյակների կուտակումներին, կրկին նվազեն, ի՞նչ են անելու նրանք այդ դեպքում:
«Այդ դեպքում մասնակիցն առնվազն երկու-երեք տասնամյակ կուտակած կլինի, այսինքն՝ բավականաչափ ժամանակ կունենա իր գումարները կուտակելու և կուտակած գումարների վրա եկամուտ ստանալու: Եթե խոսենք երաշխիքների մասին, իհարկե, ուղղակի երաշխիքներ էլ կան, որոնք սահմանված են օրենքով, դա գնաճով ինդեքսավորված մասնակիցների կուտակումների երաշխավորումն է», - պատասխանեց Շահնազարյանը:
Կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներից մեկի փոխտնօրենը մանրամասնում է՝ այս անկումը սկսվեց տարեսկզբից, բայց վերջին ամիսներին նվազումն ավելի փոքր է։ Հրայր Ասլանյանն ասում է՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ տնտեսական շոկերին հաջորդում են աճի ժամանակները, սակայն, ընդունում է՝ տնտեսական այս ցնցումը շատ ավելի խորն է և տարբերվում է նախորդներից:
«Հիմնական պատճառը գնաճի բարձր տեմպերն են և դեռևս ավելի բարձր սպասումները և դրան գումարվում են նաև տնտեսական անորոշությունները՝ գլոբալ մակարդակով», - նշեց Ասլանյանը:
Ինչպե՞ս են քաղաքացիները ստանալու ողջ կյանքում կուտակած իրենց գումարները։ Օրենքով կուտակային կենսաթոշակի ամսական հատկացումների չափը հաշվարկվելու է կյանքի միջին տևողությամբ։ Օրինակ, հիմա Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 տարի է։ Կենսաթոշակի անցնելու տարիքն էլ 63-ը, Գումարը բաժանվելու է 13 տարվա ամիսներով, այդպիսով որոշվելու է ամսական հատկացումների չափը։ Նախատեսված են վճարումների այլ տեսակներ ևս:
Your browser doesn’t support HTML5