Կենսաթոշակի համար ամսական վճարումներ անող քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց կուտակային հաշվի մնացորդները նվազում են։ Երկրի գլխավոր դրամատունը մինչդեռ սա ժամանակավոր տատանում է համարում և անհանգստանալու առիթ չի տեսնում։
Չնայած աշխատավարձից պահումներին ու պետության հատկացումներին, գործարար Սամսոն Գրիգորյանի կուտակային հաշիվն, օրինակ, եռամսյակի կտրվածքով նվազել է ավելի քան 100 տոկոսով:
«Մեր կուտակումները պետք է նաև աճեն, հաշվի առնելով ինֆլյացիան և մնացած այլ գործոնները, եթե գումարը նույնը մնա, կուտակած գումարը մնա խնդիր է, եթե պակասի խնդիր է, պետք է անպայման աշխատի այդ գումարն ու ավելանա», - ասաց Գրիգորյանը:
Քաղաքացիները մտավախություն ունեն, որ չնայած տասնամյակների հատկացումներին, թոշակի անցնելուց հետո օր ծերության բավարար գումար չեն ունենալու:
«Մարդիկ մտել նայել են, չէ՞, իրենց հաշիվները, ես չեմ մտել, որ ահռելի գումարներ ենք վճարում, ես չեմ մտել, որովհետև մինչև հիմա կարծում եմ, որ էդ ինքնախաբեություն է՝ մտնել էդ վիրտուալ թվերը տեսնելը», - նշեց ակտիվիստ Լևոն Հարությունյանը:
Տարիներ առաջ, երբ այս համակարգը նոր էր ներդրվում, պարտադիր կուտակայինի դեմ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացվում. ամենաակտիվ ցուցարարներից մեկը՝ Լևոն Հարությունյանն հիշեցնում է՝ ժամանակին իրենք կանխատեսում էին նման զարգացում. - «Մենք սպասում էինք սրան, այնպես որ ինչ-որ մի պահի ինչ-որ հույս ունեինք, որ կարող է սխալվում էինք, բայց ամեն դեպքում էս աշխատող համակարգ չի էլի, այնպես որ այս համակարգն ուղղակի հնարավորինս շուտ պետք է անցավ անջատել»
Ինչո՞վ է պայմանավորված կենսաթոշակային հաշիվների մնացորդի նվազման այս համատարած միտումը։ Մասնագետները մի շարք պատճառներ են առանձնացնում՝ առաջին հերթին մատնանշելով դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժևորումը։ Կենտրոնական բանկն էլ պարզաբանում է՝ այս կիսամյակում քաղաքացիների մեծ մասի կենսաթոշակային հաշվի մնացորդը դրամական արտահայտությամբ նվազել է, քանի որ նվազել է ֆոնդերի ակտիվների՝ փայերի արժեքը։ Ըստ գլխավոր դրամատան՝ սա պայմանավորված է բաժնետոմսերի, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների նվազմամբ և արտարժույթների նկատմամբ դրամի արժևորմամբ։
Կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն մի քանի տարի է պարտադիր է 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների համար։ Գործող կարգավորումներով յուրաքանչյուր ամիս քաղաքացիների «կեղտոտ» աշխատավարձի տասը տոկոսն ուղղվում է կենսաթոշակային ֆոնդին, դրա մի մասը վճարում է քաղաքացին, մյուս մասը՝ պետությունը։
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները երկուսն են, որոնք տարբեր ուղղություններով և ոլորտներում ներդրումներ կատարելով պետք է ապահովեն քաղաքացու կուտակածի եկամուտը, որպեսզի մարդիկ 63-ից հետո ավելի շատ գումար ստանան։ Ընկերություններից յուրաքանչյուրը երեք տեսակի ֆոնդ է կառավարում. մեկը ցածր ռիսկայինն է՝ գումարը ներդրում են միայն ֆիքսված եկամտաբերություն ունեցող ֆինանսական գործիքներում՝ պետական ու կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում։ Մյուսը պահպանողական կամ միջին ռիսկայնության ֆոնդն է՝ այս դեպքում գումարի մինչև 25 տոկոսի չափով ներդրումներ են կատարվում նաև բաժնեմասերում, որոնք կարող են ավելի շատ եկամուտներ ապահովել, սակայն, դրանց տատանողականությունն ավելի մեծ է։ Երրորդը բարձր ռիսկային ֆոնդն է՝ ավելի շատ բաժնեմասեր կարող են ձեռք բերվել՝ գումարի արդեն մինչև 50 տոկոսի չափով։
Երեք ֆոնդերի դեպքում էլ պետությունը խաղի կանոններ է սահմանել. դրամական միջոցների առնվազն 60 տոկոսը Հայաստանում է ներդրվում՝ ՀՀ դրամով։ Մնացած 40 տոկոսով արդեն կարելի է ներդրումներ կատարել արտարժույթով։ Ստացվում է՝ քաղաքացիների ու պետության հատկացրած գումարներով ներդրումներ են կատարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահագներում:
«Դրանք, բնականաբար, արտահայտված են դոլարով, եվրոյով, այլ արժույթներով, ու, բնականաբար, դոլարի արժևորումը արժեզրկում է այս ներդրումները և դրանք վերագնահատվել են արդեն ֆոնդերի կողմից նոր փոխարժեքով ու, բնականաբար, նվազում է գրանցվել», - ասաց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:
Այս ֆոնդերի եկամտաբերության նվազումը նկատվում է դեռ անցած տարվա կեսից, ասում է Նարեկ Կարապետյանը։ Փորձագետը բացատրում է՝ այդ ժամանակ սկսեցին նվազել ինչպես Հայաստանի պետական պարտատոմսերի, այնպես էլ ամերիկյան ու եվրոպական պարտատոմսերի գները, հետո ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով իջան տարբեր ընկերությունների բաժնեմասերի գները։ Սրան էլ գումարվում է դրամի արժևորումը և այս ամենի արդյունքում ֆոնդերի եկամտաբերությունը նվազում է:
«Սա ոչ թե կապված է տվյալ եռամսյակի գործունեության հետ, այլ կապված է ֆոնդի ամբողջ կյանքի ընթացքում կատարած ներդրումների հետ, որոնք վերագնահատվել են նոր փոխարժեքով, եթե փոխարժեքը վերադառնա նախկին մակարդակին, ապա այս կորուստն անմիջապես կփոխվի եկամտի: Այսինքն՝ այն կորուստը, որը մեր քաղաքացիները տեսել են նույն չափով եկամուտ կձևավորվի», - ասաց Կարապետյանը:
Տնտեսագետի խոսքով՝ այժմ համաշխարհային տնտեսության իրավիճակը սովորական չէ, կանխատեսելիության խնդիր կա, ուստի հնարավոր չէ ասել, թե կենսաթոշակային ֆոնդերից որի ընտրությունն այժմ ավելի ճիշտ կլինի։
Կենտրոնական բանկից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն օրենքով ամեն օր ֆոնդի ակտիվների՝ փայերի վերագնահատում են անում՝ արտացոլելով դրանք այդ օրվա շուկայական գներով։ Արտարժույթով արտահայտված ավանդները, պարտատոմսերը և այլ ակտիվները ներկայացվում են դրամով՝ այդ պահի փոխարժեքով։
Գլխավոր դրամատունն ընդգծում է՝ այս կիսամյակի ընթացքում արձանագրված «վնասը» այդ ակտիվների վերագնահատման արդյունք է, ոչ թե փաստացի կորուստ։ ԿԲ-ն անհանգստանալու պատճառ չի տեսնում՝ շեշտելով, թե փորձը ցույց է տալիս, որ անկմանը հաջորդում են վերականգնման փուլեր։