Հայ ռազմագերիների գնդակահարումը պատերազմական հանցագործություն է, որի մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, այսօր հայտարարել է հեղինակավոր Human Rights Watch-ը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է առնվազն յոթ հայ ռազմագերու արտադատական գնդակահարություն՝ «ամենայն հավանականությամբ ադրբեջանական ուժերի կողմից»։
«Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ դատախազության հարուցած քրեական գործն արդյունավետ լինի, և հանգեցնի, որ մեղավոր զինվորները և հրամանատարները կանչվեն պատասխանատվության», - հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը։
«Գերի հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ոիլյամսոնը։
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը հայտարարել էր, թե ռազմական դատախազությունը տեսանյութի շուրջ «համապարփակ հետաքննություն է սկսել», պարզելու՝ արդյոք այն իրական է, և եթե այո՝ ովքեր են այնտեղ պատկերված զինվորները։ Ադրբեջանի իշխանությունները խոստացել են հետաքննության արդյունքում համապատասխան քայլեր ձեռնարկել, նշված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանասարի դիրքերի մասին է խոսքը, երևացող գերիների անունները չեն համընկնում հաստատված անունների հետ. Սիրանուշ Սահակյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների հստակ գնահատական է պահանջում