Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է, դատախազությունն ուսումնասիրում է տեղեկությունները

Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից:

Կիրիլ Բուդանով

Ըստ ծառայության՝ ձերբակալվել են հարձակման նախապատրաստման ութ մասնակիցներ։

«Ներկայումս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը», - ասել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից:

Ըստ հաղորդման՝ Հայաստանի քաղաքացին Արթուր Թերջանյանն է՝ ծնված 1985 թվականին: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ժամեր անց ճշտեց, որ քաղաքացու ազգանունը Թերջանյան է:

Ընդհանուր առմամբ, այժմ բացահայտվել է նախապատրաստման առնվազն 12 մասնակից։

Ինչպես նշվում է հետաքննության տվյալներին հղումով, պայթուցիկը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով և օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկվել բուլղարական «Ռուսե» նավահանգիստ, իսկ Բուլղարիայից՝ վրացական «Փոթի» նավահանգիստ, ապա Հայաստան:

«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում բեռը մաքսազերծվել է «Տրանսալյանս» տերմինալում ԵԱՏՄ-ի կանոններով, փաստաթղթերը կեղծվել են, որից հետո ուղարկողն արդեն "ГУ АР ДЖИ ГРУП" ՍՊԸ-ն էր (Հայաստանի Հանրապետություն, Ալավերդի), իսկ ստացողը "Лидер" ՍՊԸ-ն էր (Մոսկվա):

Այնուհետև, հոկտեմբերի 4-ին Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռները հատել են ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետով, իսկ հոկտեմբերի 6-ին առաքվել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիրի մեծածախ պահեստում», - նշում է ՏԱՍՍ-ը։

Այսօր ավելի ուշ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթյունի գործով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում

Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ դատախազությունը դրանք հասցեագրել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

«Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն է անվանել ու դրանում մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Պաշտոնական Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կամուրջին կհարվածի հենց նման հնարավորություն ունենա։