ՀԱՊԿ-ը չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ, այսօր Մոսկվայում՝ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շեշտելով՝ իր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում:
Սիմոնյանը եռօրյա այցով Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 9-ին՝ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։
«Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,- նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանելով ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում՝ Սիմոնյանը շեշտել է՝ Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի։
Նա հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և տարածաշրջանում կայունության հաստատման գործում:
Նույն օրը Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Ազգային ժողովի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Սիմոնյանը Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Երևանի դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն եւ կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաև լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երևան: «Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ նաև եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Մատվիենկոն՝ ընդունելով հրավերը:
Շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։ Պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։
Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնելն էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։
Սեպտեմբերի 20-ից Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, մանրամասն քննարկել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։
Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար տարածաշրջանում իրադրության մասին և մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը մանրամասներ չեն հրապարակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի արդյունքների մասին