Մատչելիության հղումներ

«Հո մենք արկածախնդիր չենք, որ ՀԱՊԿ-ից հաճույքով դուրս գանք, մեզ թվա՝ հարց ենք լուծում». իշխանական պատգամավոր


ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի համար ռիսկային որոշում է։ Պետք է այդ ռիսկերը ծանրութեթև անել։ Իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ չէ հեռանալ՝ դուռը շրխկացնելով։

«Հո մենք արկածախնդիր չե՞նք, որ հաճույքով դուրս գանք, մեզ թվա, թե հարց ենք լուծում ու 7-8 նոր հարցեր առաջանան, որ լուծում չունեն», - ասաց Խաչատրյանը:

Երեք օր առաջ Ազգային ժողովում, Պաշտպանության անվտանգության հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում քննարկում էր արտախորհրդարանական «ՀԱՊԿ-ից դուրս» նախաձեռնության անդամների հետ։ Ի՞նչ կարծիքի են իշխող խմբակցությունում, պե՞տք է արդյոք ՀԱՊԿ-ից: Վիգեն Խաչատրյանն ասում է՝ վերլուծությունները շարունակվում են, որոշում դեռ չկա։

«Աշխատանքն այնպես բան է, որ ռիսկ պետք է անես, սա ռիսկ է պարունակում, հետևաբար, էդ ռիսկերը պիտի կշռադատեն մասնագետները: Հո խոսքը միայն հարաբերությունների մասին չի, մենք հստակ, բաց պիտի խոսենք մեր ժողովրդի հետ, մենք պիտի վստահ լինենք՝ էներգետիկ մեր պրոբլեմները կշատանան, թե կնվազեն, տրանսպորտային մեր պրոբլեմները, նույն բանակի պրոբլեմները», - ընդգծեց նա:

Երևանից ռազմական աջակցության խնդրանքը ՀԱՊԿ-ը փաստացի մերժեց, փոխարենը առաքելություն գործուղեց Հայաստան, որ զեկույց պատրաստի։ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը ՀԱՊԿ-ի արձագանքն ի՞նչ ցույց տվեց, պե՞տք է լքել այս կառույցը։ Վարչապետը վերջին հարցազրույցում հստակ չպատասխանեց, պատմեց, որ ՀԱՊԿ քարտուղարին ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները։ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան պետք է արձանագրել ու դա վերացնելու ճանապարհային քարտեզ մշակել։ Ըստ Փաշինյանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար սա պետք է լինի առանցքային հարց, կարմիր գիծ։

«Երբ որ ասում են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, թե դուրս չի գա, դա հարցի սխալ ձևակերպում է, հարցը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞, թե՞ դուրս չի գա, կամ ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ իր պատասխանատվության գոտին: Էլի եմ ասում, եթե որևէ մեկը գա վերջնական եզրակացության, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, չնայած այդպիսի եզրակացության ոչ մի հիմք չկա, բայց եթե որևէ մեկը նման արձանագրում անի, կարձանագրի, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն պարզապես չկա», - հայտարարել է վարչապետը:

ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում է։ Դուրս գալու շանտաժը կազմի մնացած պետություններին՝ Բելառուսին, Ղազախստանին, Տաջիկստանին ու Ղրզըստանին չի էլ հուզում, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Եթե Հայաստանը հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ապա դա կլինի քայլ ընդդեմ Ռուսաստանի։

«Դա Ռուսաստանի կողմից կընկալվի որպես թշնամական քայլ: Պարզ է, որ Ռուսաստանում կմտածեն, որ դա միայն Հայաստանի գաղափարը չի, հասկանալի է, որ միանշանակ այնտեղ կընկալվի, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան Հայաստանին համոզել են՝ «թշնամական քայլ արա Ռուսաստանի դեմ», դրա դիմաց տալով ինչ-որ խոստումներ, այն էլ այս պահին, երբ Միացյալ Նահանգների ընդհանրապես կոլեկտիվ Արևմուտքի, բայց Միացյալ Նահանգների հետ փաստացի պատերազմի մեջ է: Պարզ է, որ դա մինուս քայլ կբերի», - ասաց Պողոսյանը:

Ի՞նչ քայլ պետք է անի Հայաստանը։ Վերջին երկու տարում Ադրբեջանը հարձակվել է ու կիլոմետրերով խորացել Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ ՀԱՊԿ-ը դաշնակցային պարտավորությունները չի կատարում։ Ըստ Քաղաքագետի, Հայաստանը պետք է դժգոհի ու քննադատի ՀԱՊԿ-ին, բայց կառույցը լքելու հետևանքներն ավելի մեծ կլինեն։

«Այս պահին կոնկրետ որոշում ընդունել և հայտարարել, որ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, իմ գնահատմամբ, դրա բացասական հետևանքները կլինեն ավելի շատ: Բայց գուցե դրա պատճառն այն է, որ ես չեմ տիրապետում այն դրական հետևանքներին, որ գուցե մեր իշխանություններին խոստացել են», - ընդգծեց Պողոսյանը:

ՀԱՊԿ-ին անդամակցությունը կաշկանդող է, բայց այդ կառույցի կազմում էլ հնարավորություն կա ուժեղանալու, կարծում է իշխանության ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը. «Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ից դուրս գանք ու հաջորդ օրը բոլոր դռները կբացվեն Հայաստանի առջև»։

«Հայերեն ասացվածք կա, ասում ա՝ Էշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու, հիմա պիտի յոթ չափես, մեկ կտրես, չափելու փուլում ենք, ինձ թվում է», - ընդգծեց պատգամավորը:

XS
SM
MD
LG