Իրավապաշտպանները՝ Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրներ

Իրավապաշտպան Ալես Բելյացկին, արխիվ

2022 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր են հռչակվել բելառուսցի բանտարկված իրավապաշտպան, միջազգային համայնքի կողմից քաղբանտարկյալ համարվող Ալես Բելյացկին, «Մեմորիալ» ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունը և «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» ուկրաինական իրավապաշտպան կազմակերպությունը: Այդ մասին այսօր հայտնել է Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը:

«Խաղաղության մրցանակի դափնեկիրները ներկայացնում են իրենց երկրների քաղաքացիական հասարակությունը: Տարիներ շարունակ նրանք աշխատանք են տարել իշխանությանը քննադատելու և քաղաքացիների հիմնարար մյուս իրավունքները երաշխավորելու համար: Նրանք արձանագրել են պատերազմի հանցագործություններ, մարդու իրավունքները ոտնահարելու և իշխանությունը չարաշահելու փաստեր: Նրանք միասին վերահաստատում են խաղաղության և դեմոկրատիայի համար պայքարող քաղհասարակության կարևորությունը», - հայտարարել է Ռեյս-Անդերսենը:

Նոբելյան Խաղաղության այս տարվա մրցանակի շնորհումը դիտվում է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության դատապարտում:

Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 10 միլիոն շվեդական կրոն է, ինչը հավասար է մոտ 900 հազար դոլարի:

Ի տարբերություն Նոբելյան այլ մրցանակների, Խաղաղության մրցանակը շնորհվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ դեկտեմբերի 10-ին, մրցանակի հիմնադիր, գործարար և բարերար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել են «Նովայա գազետա» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և Ֆիլիպիններից լրագրող Մարիա Ռեսսան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվեց ռուսաստանցի և ֆիլիպինցի լրագրողներին