Պրահայի գագաթնաժողովն առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգ փնտրելու ուղիներից մեկն է. Բորել

Եվրամիությունը և դաշինքի հարևանները՝ 44 երկրներ Մեծ Բրիտանիայից մինչև Թուրքիա, հինգշաբթի օրը հանդիպել են՝ քննարկելու ընդհանուր անվտանգության և էներգետիկ խնդիրները, որոնք առաջացել են Ուկրաինա Մոսկվայի ռազմական ներխուժման ֆոնին։ Պրահայում մեկնարկած հանդիպումը դարձել է Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովը․ Եվրամիության 27 անդամ պետությունների և 17 եվրոպական այլ երկրների մասնակցությամբ այս ձևաչափի ճարտարապետը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է։

Հավաքին մասնակցում են նաև Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդները։ Ռուսաստանը՝ միակ եվրոպական խոշոր գերտերությունը, իր մերձավոր դաշնակից և հարևան Բելառուսի հետ այս միջոցառմանը հրավիրված չէ։

«Բոլոր նրանք, ովքեր ներկա են այս հավաքին, գիտեն՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա խաղաղության և անվտանգության կարգի բիրտ խախտում է», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անընդունելի համարելով «հարևան երկրի մի մասի բռնակցումը»։

«Այստեղ է ողջ եվրոպական մայրցամաքը՝ բացի երկու երկրից՝ Ռուսաստանից և Բելառուսից։ Սա ցույց է տալիս, թե որքան մեկուսացած են այդ երկու երկրները»,- հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն։

«Այս հանդիպումը առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգ փնտրելու ուղիներից մեկն է։ Սա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք ընդմիշտ բացառել Ռուսաստանին, բայց այս Ռուսաստանը՝ Պուտինի Ռուսաստանը, տեղ չունի»,- իր հերթին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը գագաթնաժողովը հյուրընկալող Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպումից հետո ընդգծել է` իրենք «վճռական են Պուտինի դաժանության դեմ եվրոպական ժողովրդավար-համախոհներով միասնական ճակատով հանդես գալու հարցում»։

Reuters-ը նշում է, որ Պրահայի հսկայական ամրոցում անցկացվող հավաքը եվրոպական մայրացամաքի «համերաշխության մեծ ցուցադրություն է», որը բազմաթիվ ճգնաժամերի մեջ է խրվել՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի անվտանգության հետևանքներից մինչև ծանր տնտեսական հետևանքներ, ներառյալ էներգետիկ սուր ճգնաժամը:

«Մենք կիսում ենք նույն տարածքը: Շատ հաճախ՝ նույն պատմությունը: Եվ մենք կոչված ենք միասին կերտելու մեր ապագան», - հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը, շեշտելով, որ այժմ առաջնահերթությունը Եվրոպան ավելի շատ էլեկտրաէներգիայի միացումներ կառուցելն ու գազի գների իջեցումն է։

Ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ նոր այս ձևաչափը կարող է վերածվել բացառապես քննարկումների հարթակի, որը կգումարվի տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ և չի ունենա որևէ իրական ազդեցություն կամ բովանդակություն։ Գերմանիայի կանցլերը մինչդեռ պնդում է՝ նոր եվրոպական խմբավորումը կոչված է ոչ թե «վարչական և բյուրոկրատական նոր ինստիտուտ ստեղծելուն, այլ դրա փոխարեն հանդիսանում է պետությունների և կառավարությունների ղեկավարների պարբերական հանդիպումների վայր»։