Այսօր Պրահայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են «հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը»:
Հանդիպմանը նշվել է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումների նշանակությունը, որոնք ուղղված են հայ - ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է բրյուսելյան ձևաչափը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում արդեն մի քանի հանդիպում են ունեցել՝ քննարկելով հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Նոյեմբերին եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 31-ի հանդիպման արդյունքում:
Այսօր Պրահայում նախատեսվում է քառակողմ՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի հանդիպում: