Ինչպե՞ս է Արցախը բանակցելու Ադրբեջանի հետ։ Վերջին շրջանում Բաքու-Ստեփանակերտ առանձին քննարկման օրակարգը առաջ մղող Հայաստանի իշխանություններն այս հարցի պատասխանը չեն տալիս։
Մինչ Իլհամ Ալիևը հայտարարում է, թե Ղարաբաղն Ադրբեջան է, տեղի հայերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ և իրենք չեն պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ այս հարցը քննարկել` երեկ խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսում էր Արցախ -Ադրբեջան բանակցության «միջազգային խողովակների» մասին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են: - «Ես դա համարում եմ ներքին լսարանի համար արված հայտարարություն, ձևակերպում, որով որ իրենք, այսպես ասած, բացատրում են այդ մեխանիզմը, որ հայկական կողմից ասվել է, շեշտվել է»։
Հարցին, թե արդյոք արտաքին լսարանում Ադրբեջանը վերցրել է Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելու պարտավորություն, Սիմոնյանն արձագանքեց. - «Թույլ տվեք ես էդ հարցին չպատասխանեմ»։
Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, դա հնարավոր է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախը ճանաչված է որպես լիիրավ կողմ։
Եթե նախկինում Ադրբեջանը չէր ընդունում Արցախի սուբեկտայնությունն ու հրաժարվում նույն սեղանի շուրջ նստել, ինչպե՞ս է դա հնարավոր հիմա, երբ 44-օրյա պատերազմի պարտության պատճառով հայկական կողմի դիրքերը ավելի թույլ են։ Սիմոնյանն ասում է՝ ինքը նման հնարավորություն տեսնում է. - «Իրատեսական եմ համարում, որովհետև... մենք տեսնում ենք, որ երկուստեք, նույնիսկ Ադրբեջանի կողմից արդեն հայտարարություններ են հնչում լավատեսության մասին։ Հիմա էկեք շատ երկար չխոսենք, թե որտեղից ա էդ լավատեսությունը գալիս։ Ես արդեն ասացի՝ Արցախին մենակ չենք թողնելու։ Խոսքը գնում ա ոչ միայն հումանիտարի մասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեմ պատկերացնում, որ կարող է որևէ հայ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս. Դավիթ ԲաբայանԱԺ նախագահը չի մանրամասնում նաև Արցախ - Ադրբեջան բանակցության հնարավոր ձևաչափերը, կամ թե, օրինակ, ով է լինելու միջնորդը։ Արցախի արտգործնախարարը երեկ «Ազատությանն» էր ասել, որ պատրաստ են բանակցել Ադրբեջանի հետ՝ ամիսներ շարունակ փաստացի չգործող, բայց միակ միջազգային մանդատը ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ ասաց. - «Միջնորդը արդեն երկրորդական ա... Կարևորը էդ միջնորդը կարողանա ինչ-որ ազդեցություն ունենալ։ Մենք էկել են, հասել ենք մի իրավիճակի, երբ որ հասկանալի է, որ այն, ինչ որ դրված է էսօր քննարկման, մեր համար կարևոր չէ, թե ով միջնորդ կլինի, կարևոր է էդ հարցը լուծվի»։
Ալեն Սիմոնյանն նաև պնդում է, որ Արցախում տեղյակ են ողջ բանակցային գործընթացից և համաձայն են Երևանի որոշումների հետ. - «Մշտապես իրանք ամեն ինչ իմացել են։ Կրկնում եմ՝ ամեն ստորակետը, ամեն ձևակերպումը Արցախի իշխանություններն իմացել են»։
Ճշտող հարցին, թե արդյոք Արցախի իշխանությունները համաձայնել են, որ խոսվի միայն Հայաստանի տարածքի մասին, Սիմոնյանը պատասխանեց. - «Այո։ Այո, տեղեկացվել և համաձայնվել են։ Որովհետև այլ տարբերակ իրականության մեջ չկար և չէր կարող լինել»։
Եթե սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո վարչապետ Փաշինյանը լավատեսական ակնկալիքներ չուներ բանակցություններից, ապա երեկ խորհրդարանում հայտարարեց, որ հիմա ճանապարհ տեսնում է։ Ի՞նչ է փոխվել։ ԱԺ նախագահին, օրինակ, լավատեսություն է հաղորդում միջազգային գործընկերների ներգրավվածությունը։