Զելենսկին հորդորում է Արևմուտքին սառեցնել ՌԴ անդամակցությունը միջազգային բոլոր կառույցներում

Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը միջազգային բոլոր կառույցներում: Վլադիմիր Զելենսկին այդ մասին խոսեց այսօր՝ հեռավար ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում։

Դիմելով հավաքի մասնակիցներին, որոնց նպատակն է միավորել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի ու Բելառուսի, Զելենսկին կոչ արեց անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, որն արդեն ութ ամիս է՝ դիմակայում է Ռուսաստանի հրահրած պատերազմին։

Գագաթնաժողովին մասնակցում է 44 պետություն՝ ոչ միայն ԵՄ անդամ պետությունները, այլ՝ թեկնածուների, ասոցացման համաձայնագիր կնքած ու համագործակցող երկրների առաջնորդներ։

«Մենք նոր աշխարհակարգ ենք ստեղծում՝ առանց Ռուսաստանի»,- հանդիպման նախօրեին հայտարարել է ԵՄ արտգործնախարար Ջոզեպ Բորելը։

Նախատեսվում է այս ձևաչափը դարձնել ավանդական։ Ըստ հաղորդումների՝ հաջորդ գագթնաժողովը կհյուընկալի ասոցացման համաձայնագիր ստորագրած Մոլդովան։