Պրահայում կայացել է Միշել-Ալիև հանդիպում

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

Այսօր Պրահայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են «հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը»:

Հանդիպմանը նշվել է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումների նշանակությունը, որոնք ուղղված են հայ - ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է բրյուսելյան ձևաչափը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում արդեն մի քանի հանդիպում են ունեցել՝ քննարկելով հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

Նոյեմբերին եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 31-ի հանդիպման արդյունքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ

Այսօր Պրահայում նախատեսվում է քառակողմ՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի հանդիպում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել են Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումները Էրդողանի ու Ալիևի հետ