Արցախի նախագահը հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը: Այդ մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է Ֆեյսբուքում արած գրառմամբ:
«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ», - գրում է Հարությունյանը:
«Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը», - նշում է Արցախի նախագահը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կսկսեն առաջիկա շաբաթներին:
«Սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը», - ընդգծում է Արայիկ Հարությունյանը:
Գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ու Արցախ տեղափոխվելու մասին։ 54-ամյա Վարդանյանն առաջարկում է ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության ճակատ։ Նա նաև Արցախի կառավարությունում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն է հայտնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են համագործակցության հեռանկարներըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանը որոշել է Արցախ տեղափոխվել և հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից