Ֆրանսիան ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից, պահանջում է պատժել մեղավորներին

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների հավաքական մահապատիժը պատկերող տեսանյութերը խորապես ցնցող են», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այդ գործողությունների առնչությամբ քննության մեկնարկը, ինչպես հայտարարել է Ադրբեջանը, և պահանջում է դրանց հեղինակներին կանգնեցնել արդարադատության առջև», - ասված է պաշտոնական Փարիզի երեկ հրապարակած հայտարարությունում:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանասարի դիրքերի մասին է խոսքը, երևացող գերիների անունները չեն համընկնում հաստատված անունների հետ. Սիրանուշ Սահակյան

Կիրակի առավոտյան համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։