Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Հանրային հեռուստաընկերության նախկին խմբագիր, ուղիղ եթերում պատերազմի դեմ բողոքի ակցիա կազմակերպած Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ:
Օվսյաննիկովայի համար դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը:
Հանրային հեռուստաընկերության «Վրեմյա» լրատվական ծրագրի թողարկման ընթացքում «Ոչ պատերազմին, այստեղ ձեզ խաբում են» պաստառով ուղիղ եթերում հայտնվելու համար նա տուգանք է վճարել:
Դրանից հետո նա Մոսկվայում բողոքի ցույց է անցկացրել, ինչի համար մեղադրվել է «Ռուսաստանի զինված ուժերի մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու» հոդվածով, որով կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:
Այժմ Օվսյաննիկովան հետախուզման մեջ է, քանի որ խախտել է տնային կալանքի պայմանները և անհետացել է տնից: Նրա անհետանալու մասին հայտնել է նախկին ամուսինը՝ Իգոր Օվսյաննիկովը, ով ասել է, որ «Մարինան և 11-ամյա դուստրը տնից հեռացել են անհայտ ուղղությամբ»: