Երևանը պնդում է՝ Բաքուն երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը

Սա արդեն երկրորդ անգամն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը, Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ առաջին դեպքը մայիսին էր՝ Բրյուսելում։

«Իսկ երկրորդ անգամ՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը», - գրել է Փաշինյանը։

Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին արձանագրել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ֆեյսբուքում գրելով, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ է եռակողմ պայմանավորվածություն ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին։

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը», - գրել է Գրիգորյանը:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

Իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից հաստատված 33 հայ ռազմագերի է պահվում ադրբեջանական բանտերում։ Ըստ հայաստանյան իրավապաշտպանների՝ այս թիվն իրականում ավելի մեծ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմից երկու տարի անց անհետ կորած է 203 զինծառայող