Մատչելիության հղումներ

«Մոլորված այսուայն կողմ ենք գնում, ոչ ոք պատասխան չի տալիս». պայմանագրային զինծառայողի ազգական


«Մոլորված այսուայն կողմ ենք գնում, ոչ ոք պատասխան չի տալիս», - ասում է պայմանագրային զինծառայողի ազգականը։

Սեպտեմբերի 13- ից, ասում է, լուր չունեն, գիտեն միայն, որ Ջերմուկի հենակետը, որտեղ ծառայում էր ՝ անցել է Ադրբեջանի հսկողության տակ. - «Նայել ենք, ոչ մի տեղ չկա։ Ոչ մի ծնողի հստակ որևէ պատասխան չեն տալիս։ Գնդակի նման ոնց կարողանում են, էս կողմից էն կողմ են շպրտում՝ նման ազգանունով մարդ չկա, նման անունով մարդ չկա, տեղյակ չենք, չգիտենք։
Բայց ումի՞ց ճշտենք, ումի՞ց պահանջենք մեր երեխային։ Եթե այդ մարդը ծառայության մեջ է եղել, եթե այդ մարդը զինկոմիսարիատում գրանցված ա եղել, ո՞նց կարող ա տվյալ մարդը հիմա հօդս ցնդի»։

Եվ այսպես 11 օր... Պաշտպանության նախարարության գերիների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովից գնում են Կարմիր խաչ, հետո՝ հակառակ ուղղությամբ։ Մինչև այդ անցել են հիվանդանոցներով, մի պահ ապավինել նախարարության թեժ գժին. - «Ուղիղ հինգ օր թեժ գիծը բացարձակ չի պատասխանել։ Եվ ես այլևս չեմ փորձելու թեժ գիծ զանգահարել։ Էրեկ արդեն գնացինք ԴՆԹ անալիզի թեստ հանձնեցինք։ Ճիշտ ա, մենք հույս ունենք, որ փակուղու մեջ ա, կարող ա դուրս գա երեկվա տղաների պես։ Մենք չենք ուզում մտածել վատը»։

Պաշտոնապես հայտարարվում է, որ այս ամսվա մարտերում զոհված ու անհետ կորածների թիվը գերազանցում է 207-ը։ Այսքանը։ Անուն- ազգանուններ չկան։

Չորս օր առաջ Ադրբեջանը Կարմիր խաչի միջոցով հայկական կողմին փոխանցեց 95 զինծառայողի մարմին։ Տղաների մոտ պահվող անձը նույնականացվող փաստաթուղթը, զինգրքույկը ադրբեջանցիները հավաքել էին, պատմեցին դիահերձարաններից մեկում։

Հարազատները դժգոհություն ունեն նույնականացման գործընթացից, ասում են՝ ձգձգվում է։ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Վարդան Թադևոսյանը պնդում է, թե հատուկենտ դեպքեր են եղել։ Նրա փոխանցմամբ՝ զոհերի լուսանկարները Ուլնեցիում են և դիահերձարաններում, եթե ծնողը նկարով ճանաչեց, մարմինը նրան անմիջապես չեն հանձնի. - «Ծնողները գալիս են տեսնում են իրենց զավակի նկարը և անմիջապես համարում են, որ այդ նկարով նրանք կարող են իրենց մահացած զինվորին վերցնել և տանել հուղարկավորելու։ Նման դեպք եղավ 2020 թվականին, երբ հենց նկարով ճանաչելու այդ փաստի առթիվ նրանք ուրիշի դիակ էին վերցրել, հուղարկավորել էին։ Որից հետո արտաշիրիմում է տեղի ունեցել»։

Հարազատը, ըստ Թադևոսյանի, հարցաքննվում է, նշում է առանձնացնող նշաններ՝ խալ, դաջվածք, սպի, որ ճանաչման գործընթացում թյուրիմացություններ չլինեն։

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Հերացու դատաբժշկական կենտրոնում նորից սկսել են ԴՆԹ փորձաքննությունները։ Կան մարմիններ, որ միայն այսպես կարող են նույնականացվել։

Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայ զինծառայողների մարմինները փոխանցելիս նշել էր, թե գործընթացը շարունակական է լինելու: Այսինքն՝ այն կողմում դեռ զոհերի մարմիններ կան։

XS
SM
MD
LG