ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Կլաարի հետ, ընդգծել Բաքվի ագրեսիայի հետևանքների վերացման հրամայականը

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում, Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար, ասված է Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների հստակ գնահատական է պահանջում

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Ժնևում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները