Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Օրեր առաջ տարածած հաղորդագրությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել էր՝ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ երկու օրից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին հանդիպումն էր սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր։
Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը Թբիլիսիում էր՝ հուլիսի 16-ին։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: