«Մեծ հաշվով Երևանն ընդունում է Բաքվի բոլոր պահանջները». քաղաքագետ

Փաշինյանը երեկվա հարցազրույցով խոստովանեց՝ իր պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը երգում է Ալիևի դուդուկի տակ, Ալիևը կամերտոնը խփեց, ասեց՝ «Ղարաբաղը այլևս գոյություն չունի, ի՞նչ գործ ունեք Ղարաբաղի հետ, մենք ու Հայաստանը պետք է իրար հետ խաղաղության պայմանագիր կնքենք, ճշտենք մեր տարածքները», - ասաց Խաչատրյանը:

Վարչապետը երեկ հանրությանն առաջարկեց առերեսվել իրականությանը՝ նշելով, որ Արցախի հարցով հիմնական միջնորդները՝ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան պատրաստ չեն ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախը՝ Հայաստանի մաս. «Ես սա ասում եմ այն բանի պատճառով, որ պարտավոր եմ մարդկանց հետ խոսել ճշմարտության լեզվով»:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է մոլորեցնել հանրությանը, կարծում է ընդդիմադիր պատգամավորը։ Եթե Արցախի կարգավիճակը կանխորոշված էր, տասնամյակներով ի՞նչ էին բանակցում Հայաստանի նախկին ղեկավարները՝ Մինսկի խմբի միջնորդությամբ։

«Եթե Արցախի կարգավիճակը կանխորոշված էր, բանակցություններ չէին լինի: Ավելին ասեմ՝ 96 թվականի դեկտեմբերին լիսաբոնյան գագաթնաժողովում Հայաստանը վետո դրեց այդ որոշման վրա, որով Արցախը դիտվում էր որպես լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, աշխարհը դա ընդունեց», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Եթե որևէ երկիր պատրաստ չէ Արցախը ճանաչել Հայաստանի մաս, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանն Արցախի հարցով բանակցելու բան չունի, ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ Փաշինյանի մեկնաբանությունը որակելով մանիպուլյացիա։

«Կան անվտանգության հարցեր մարդկանց, կան իրավունքների հարցեր, մեծ հաշվով այն ամենը, ինչ նա խոսում էր ապրիլին և ինչից տեսնում ենք, որ հետ կանգնեց: Այսինքն՝ հերթական մանիպոիլյացիան է այդ հայտարարությունը», - նշեց Գրիգորյանը:

«Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով», - հայտարարել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Վարչապետի խոսքով՝ Արցախի հարցի շահառուն պետք է լինի Արցախի իշխանությունը։ Իսկ Ադրբեջանը համաձա՞յն է, որ Հայաստանի ու Արցախի հետ առանձին բանակցի, Փաշինյանն, ըստ էության, չպատասխանեց հարցին։

«Եթե Ադրբեջանը հրաժարվի Արցախի հետ բանակցելուց, դու կհրաժարվե՞ս Ադրբեջանի հետ բանակցելուց և Ղարաբաղը մեն-մենակ թողնելով Ադրբեջանի դեմ, ուղղակի Ղարաբաղը թողնում ես այդ ոհմակի կողմից հոշոտելու», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Տիգրան Գրիգորյանն էլ ընդգծեց. «Ստեփանակերտի հետ Բաքուն չի բանակցելու, ռուսների համար այդ հարցերը երկրորդական են, և իրականում սա հեշտացնելու է նաև Ադրբեջանի գործը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս հանելու հարցում»:

Փաշինյանական խաղաղության օրակարգը, քաղաքագետ Գրիգորյանի կանխատեսմամբ, արագ կզարգանա, քանի որ, ըստ նրա, Երևանն ընդունել է Բաքվի պահանջները։ Իսկ ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ է, որից Արցախի հարցը կարող է դուրս մնալ։ Փաշինյանը վստահեցրեց, թե դեռ տեքստ չկա։ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վաղվա հանդիպմանը պետք է սկսեն քննարկել։ Ընդհանուր հիմքը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։

«Եթե ինքը ասում է՝ «Ադրբեջան, ճանաչիր իմ 28 հազար 800 քառակուսի կիլոմետրը», փոխարենը Ադրբեջանը կպահանջի, որ ինքն էլ ճանաչի Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

«Եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ հիշատակում չկա այդ փաստաթղթի մեջ, Ադրբեջանն առնվազն կարող է այդպես ներկայացնել միջազգային հանրությանը, որ՝ այո, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում», - ասաց քաղաքագետը:

Փաշինյանի հարցազրույցից հետո Արցախի նախագահը հանդիպել է խորհրդարանական ուժերին, որոշել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Արդյոք Հայաստանի ղեկավարի երեկվա հայտարարություններն են հանդիպման պատճառը, արցախցի պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել։

Your browser doesn’t support HTML5

«Մեծ հաշվով Երևանն ընդունում է Բաքվի բոլոր պահանջները». քաղաքագետ