Բաքվում ձերբակալվել են բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ

Բաքվում մի քանի տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել խորհրդարանի մոտ չարտոնված բողոքի ակցիա անցկացնելու համար:

Մեջլիսի դիմաց հավաքվածները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ դնել ընտանեկան կառավարմանը, հակաիշխանական կոչեր են հնչեցրել, պահանջել նախագահի հրաժարականը: Ոստիկանությունը ցրել է ցույցը՝ բերման ենթարկելով մարդկանց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Թոֆիք Յակուբլուն

Այսօր առավոտյան ձերբակալվել էր ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության և Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիք Յակուբլուն:

Նրա դուստրը՝ Նիգյար Հեզին հայտնել էր, որ հորը քաղաքացիական հագուստով անձինք են ձերբակալել՝ առավոտյան տնից դուրս գալուց. - «Ես չգիտեմ, թե ուր են տարել հորս: Գնացի մեր տանը ամենամոտ ոստիկանական բաժանմունք, սակայն այնտեղ էլ ոչ մի տեղեկություն չտվեցին: Նախկինում հայրս սարսափելի կտտանքների է ենթարկվել բանտում: Ուզում եմ կրկին հայտարարել՝ եթե Թոֆիք Յակուբլուի հետ ինչ որ բան պատահի, դրա պատասխանատուն Իլհամ Ալիևն է լինելու»:

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է Թոֆիք Յակուբլուի ձերբակալման փաստը: Կառույցի հանրային կապերի վարչության պետը լրագրողներին ասել է, որ նրան ձերբակալել են «չարտոնված բողոքի ցույցին մասնակցելու կոչերի համար»: Պաշտոնյայի խոսքով, այժմ քննություն է անցկացվում, որից հետո Յակուբլուն ազատ կարձակվի:

Ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ձերբակալվածների թիվը 100-ի է հասնում։ Բացի Յակուբլուից այս պահին ճշտվել է ձերբակալված ևս 87 հոգու անուն, նրանք Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի, Ազգային միասնություն շարժման ու Մուսավաթ կուսակցության ներկայացուցիչներ են։ Քերիմլին քննադատել է իշխանությունների այս գործելակերպը՝ հայտարարելով, թե նման հակաօրինական քայլերով Ադրբեջանը աշխարհի աչքում հավասարվում է Ռուսաստանին ու Բելառուսին: Նա իշխանություններին կոչ է արել հետ կանգնել ճնշումների ճանապարհից:

Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդը մտադիր էր այսօր Բաքվում բողոքի ակցիա անցկացնել խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ կուսակցությունների մասին նոր օրինագծի: Նրանք դիմել էին քաղաքային իշխանություններին թույլտվություն ստանալու համար և մերժում ստացել:

«Եթե քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցված որևէ ակցիա անցկացնելու փորձեր արվեն, այն անօրինական է համարվելու և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու հավաքը թույլ չտալու համար», - հայտարարել էր Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Ընդդիմության դժգոհության պատճառը Ադրբեջանում մեջլիսի քննարկմանը ներկայացված կուսակցությունների մասին նոր օրինագիծն է, որի համաձայն երկու անգամ ընտրությունների չմասնակցած կուսակցությունները կարող են լուծարվել: Բացի այդ, մեծանում է կուսակցության գրանցման համար անդամների թիվը, ինչպես նաև պարտադիր պայման է լինելու վերջին 10 տարում անընդմեջ երկրում բնակվելը:

Ընդդիմադիր ուժերը պնդում են, թե այդ օրինագիծը նպատակ ունի երկրի քաղաքական կյանքից դուրս մղել իրական ընդդիմությանը, որի անդամները Ալիևի վարչակարգի ճնշումներից խուսափելու համար հաճախ ապաստան են գտնում այլ երկրներում։

Այսօր ձերբակալված ընդդիմադիր գործիչ Թոֆիք Յակուբլուն ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար ճնշումների ու հետապնդումների է ենթարկվում: Վերջերս նա հայտնվել էր այսպես կոչված հայրենիքի դավաճանների ցանկում՝ հանրային պարսավանքի ենթարկվելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտելու համար: