Երեք զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության արդյունքում երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց երեկ զոհված զինծառայողների անունները

Նախնական տեղեկություններով, ըստ Կոմիտեի, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը, կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ժամը 18-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայկական կողմին մեղադրեց հրադադարը խախտելու համար՝ հայտնելով մեկ վիրավորի մասին: Ժամը 22:00-ի դրությամբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց երեք հայ զինծառայողի մահվան պատճառ դարձած միջադեպից՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։ Փաշինյանը տեղի ունեցածը ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորում որակեց, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ. Փաշինյան