«Ե՞րբ ակնկալենք փուլային փոխանցումները». տեղահանված արցախցիները դեռ կառավարության աջակցությանն են սպասում

«Ե՞րբ է հուլիս ամիսը գալու», - հարցնում են տեղահանված արցախցիները սեպտեմբերի վերջին. նրանք բնակվարձի համար նախատեսված 40 հազար դրամ աջակցությանն են սպասում, որ ըստ պարբերաբար հնչող խոստումների՝ պիտի շուտով ստանան: Այդ շուտովը տևում է երեք ամիս։

«Սկզբից ասացին, որ պետք է լավ ստուգումներ անցկացնեն, որպեսզի հենց-ընենց մարդիկ ցուցակներում չհայտնվեն, և կար ծրագրային խնդիր, բայց տեսնում ենք, որ բավականին երկար էդ խնդիրները ձգվեցին», - ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանը​:

Կազմակերպության ղեկավարը Արցախի պետնախարարին ու բնակարանային կոմիտեի ղեկավարին սոցցանցի իր էջում հարցնում է՝ «ե՞րբ ակնկալենք փուլային փոխանցումները». «Կներեք, որ աներեսի պես շարունակում ենք շնչել»: Մովսեսյանն ասում է՝ բազմաթիվ արցախցիներ են դիմում՝ բնակվարձն առանց այդ էլ թանկացել է, իսկ կառավարության խոստացած աջակցությունը չկա:

«Ասում են՝ փուլային ենք փոխանցում, բայց էդ փուլերի ավարտը ե՞րբ ա լինելու, Աստված գիտի: Մարդիկ իրոք աներանելի ու անելանելի վիճակի մեջ են գտնվում», - ընդգծեց նա:​

Ընտանիքի ամեն շնչին հատկացվող 40 հազարականները այս ամսվա սկզբին ստացել են «Արցախբանկի» որոշ քարտապաններ, այսօր էլ բնակարանային կոմիտեն ազդարարեց, որ այսօրվանից «Հայփոստի» մասնաճյուղերում էլ կարող են շահառուներն ստանալ այդ գումարը, իսկ մյուս տասնյակ այլ բանկերից օգտվող տեղահանվածներին ե՞րբ փող կհասնի, հայտնի չէ:

«Ինքս էլ վարձով եմ ապրում ու ճիշտն ասած հենց իմ ընտանիքը բավականին ծանր վիճակի մեջ էր հայտնվել: Էսօր ես նոր «Հայփոստից» ստացել եմ գումարը մեր տան, բայց մինչև էդ ես արդեն պարտք եմ արել, որ կարողանամ տան վարձը տալ: Մնացած ոչ մեկը դեռ չի ստացել», - նշեց Մովսիսյանը:​

Մելինե Բաղդագուլյանը ամուսնու, 4 անչափահաս փոքրիկների հետ տուն է վարձակալում Գորիսում, արդեն ադրբեջանական դարձած Աղավնոյում է լսել խոստումներ՝ թե՛ բնակվարձի գումարի, թե՛ բնակարանի սերտիֆիկատի մասին. ամեն օր ավելացող հոգսերից բացի ոչինչ չկա:

«Արդեն մենք պետք ա տան վարձը տանք, կոմունալները տանք, չենք աշխատում էս պահին ո՛չ ես, ո՛չ ամուսինս: Էդ աջակցությունով մենք պետք ա առայժմ էդ հարցերը լուծենք՝ տան վարձի, կոմունալ վարձերի, մինչև որ գոնե ամուսինս աշխատանք գտնի», - ասաց Բաղդագուլյանը:​

Արցախի բնակարանային կոմիտեի ֆեյսբուքայն էջում հարցրել է՝ մյուս բանկերի քարտապանների փողը ե՞րբ կլինի, այս էջում, սակայն, «փոխանցումները կատարված են» խորագրի ներքո միայն հարցեր են, պատասխաններ չկան:​

Արցախի բնակարանային կոմիտեից խոստացան պատասխանել, թե տուն կորցրած, տեղահանված ու վարձով ապրող բազմաթիվ արցախցիներ ինչո՞ւ չեն ստացել աջակցության գումարը։ Խոստացան, բայց դեռևս չեն պատասխանել: Մեր տեղեկություններով՝ կառավարությունը այս ծրագիրը լիարժեք ֆինանսավորելու համար փող չունի:

«Բոլոր տեղահանվածների վիճակը սարսափելի վատ է, այսօր ոչ մի օգնության ծրագիր չի գործում», - ներկայացրեց Կարինե Մովսեսյանը:​

Բնակարանների գնման սերտիֆակտներն էլ չկան, հազարավոր տեղահանվածներից ընդամենը 15 հոգի է այն ստացել. «Ո՞նց ա ստացվում, որ ՀԷԿ-երի տերերին իրանք մարել են միլիոնավոր դոլարանոց վարկեր, և տվել են 7-ապատիկ փոխհատուցում, իսկ հասարակ ժողովրդին, որ ունեն միլիոն, միլիոնուկես դրամանոց վարկեր, էդ մարդիկ մնացել են օդում կախված ու չգիտեն՝ ինչ ա լինելու իրանց վերջը»,:

Կարինե Մովսեսյանն ասում է՝ արցախցիների խնդիրներով ակցիաներ անում էին մինչև սահմանային բախումները՝ հիմա բարձրաձայնել հարմար չեն համարում, բայց Հայաստանի ու Արցախի իշխանություններին հորդորում են երբեմն հիշել տեղահանված բազմաթիվ ընտանիքների մասին: Այս ամսվա մարտերում Քաշաթաղից տեղափոխված ու Ջերմուկում հաստատված երկու զինծառայող է զոհվել: